211652_close_icon
views-count6679 դիտում article-date 10:56 08-09-2017

Մարդուն, այո, կարելի է վերացնել, բայց ի՞նչ օգուտ դրանից. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Զարմանում եմ, թե մարդիկ որևէ արտառոց կամ ոչ այնքան արտառոց դեպքի մասին լսելիս որքան են շտապում հայտնել իրենց հեղինակավոր կարծիքը, իրենց ձեռքի տակ եղած կարծրատիպերով սկսում են դատել մարդկանց` հերոսացնել նրանց կամ ցեխը մտցնել: Հապճեպ դատողությունների «մարտավարական» թերությունն այն է, որ դրանք փոփոխական են` 180 աստիճանով: Հիշո՞ւմ եք, Դավիթաշենի լողավազանի դիմաց ծառեր էին կտրվել: Նկարը դրվեց, աղմուկ բարձրացավ, կտրողը ձերբակալվեց, բայց աղմուկն այնքան շատ էր, որ մարդիկ ոգևորված կոչ էին անում` ի՞նչ ձերբակալել` գնդակահարել, վառել, քառատել ծառ կտրողին: Հետո ծառերը շիվեր տվեցին, պարզվեց, որ դրանք խորը էտվել էին, և նույն «հուզական մարդիկ» նույն հուզականությամբ բացականչում էին` «այդ խեղճ մարդուն՝ երեք անչափահաս երեխաների հորը, ինչո՞ւ են ձերբակալել»: Էմոցիաներն այսպիսով խանգարում են` չնայած դրականորեն են ընկալվում հանրության մի մասի կողմից` մանավանդ, երբ զուգորդվում են «պետության կործանման» մասին լացուկոծով: Երբ երիտասարդը դանակը դրել էլ աղջկա վզին և պատանդներ էր պահանջում, առաջին արձագանքներն էին` թմրամոլ, հրեշ, սերիական մարդասպան (առավել ցնցող էր ԱՄՆ-ում 5 մեքսիկացի սպանելու անհեթեթ «լուրը»): Մեկ շաբաթ հետո պարզվեց, որ նրա վարքը բացատրելի էր, գործողությունները` ընդունելի, ոմանց կարծիքով՝ նույնիսկ գեղեցիկ, որ նա հերոս է, արդարության մարտիկ: Երկու ծայրահեղություններն էլ անընդունելի են, բայց քանի որ երիտասարդը սպանվել է (և դրա իրավաչափությունն, ի դեպ, հարցեր է առաջացնում), ես կնախընտրեի ոչ թե դասական «ոսկե միջինը», այլ մի փոքր շեղումը դեպի «դրականը»` այդ անձնավորության հանդեպ: Երկու օր առաջ Ավանում տեղի ունեցավ սարսափելի մի վթար, որը ներկայացվել էր բոլոր սահմռկեցուցիչ մանրամասներով: Եվ դարձյալ առաջին արձագանքը հապճեպ էր և հուզական՝ «խստորեն պատժել «Համմերի» վարորդին», «ա՛խ, այդ հարուստները», «իհարկե, նա անպատիժ կմնա», և այդպես շարունակ: Հետո պարզվեց, որ «Համմերի» վարորդն այնքան էլ մեղավոր չէ, գուցե թերևս պետք է ավելի դանդաղ քշեր, և ձերբակալվեց մեկ այլ մեքենայի վարորդ, որի մասին դարձյալ չեմ ցանկանա գրել մեղադրական ոճով: Նախ՝ գոյություն ունի անմեղության կանխավարկած, երկրորդ, որն ավելի կարևոր է, ոչ մեկս ոչ մեկի դատավորը չենք: Երբ մենք տեսնում ենք, որ երեխան որևէ սխալ կամ վտանգավոր բան է անում, մենք բռնում ենք նրա ձեռքը, սահմանափակում ենք նրա գործելու ազատությունը և ոչ թե ատելություն ենք սերմանում նրա նկատմամբ: Թիրախը պետք է լինի գործողությունը, ոչ թե անձը: Սովորաբար մարդկանց արձագանքը հակառակն է լինում՝ ցավ պատճառել մարդուն, որևէ մեղադրական ու վիրավորական, «սպանիչ» արտահայտություն անել նրա հանդեպ: Այդպիսով արատը, զանցանքը և, ի վերջո, հանցագործությունը արմատախիլ չեն արվում: Մարդուն, այո, կարելի է վերացնել, բայց ի՞նչ օգուտ դրանից»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր