211652_close_icon
views-count4724 դիտում article-date 16:23 07-09-2017

Ռեսուրսը նվազել է, շտապ պետք է միջոցներ ձեռնարկել. վարչապետ

Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է խեցգետնի ապօրինի որսի կանխարգելմանը: «Իրականացված ուսումնասիրությունների համաձայն՝ ջրային ավազաններում, հատկապես Սևանա լճում, էականորեն նվազել են խեցգետնի չափաքանակները։ Ստեղված իրավիճակը հիմնականում պայմանավորված է ինչպես խեցգետնի որսի թերի կանոնակարգման, որսի անվանական թույլտվությունների, դրանց տրամադրման կարգի և ոչ բավարար վերահսկողության իրականացմամբ, այնպես էլ Հայաստան ներկրված և խեցգետնի որսի համար օգտագործվող ոչ համապատասխան ցանցերի կիրառմամբ»։ Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը հանձնարարել է ՀՀ բնապահպանության նախարարին բացառել գործնականում նախորդ տարիներին տրված որսի թույլտվությունների ժամկետների երկարաձգման կամ վերաձևակերպման դեպքերը։ Բացի այդ, նախարարությունը 2-ամսյա ժամկետում կմշակի և կառավարության աշխատակազմ կներկայացնի խեցգետնի որսի թույլտվության տրամադրման կարգի վերանայման վերաբերյալ առաջարկություններ, հատկապես անդրադառնալով չափաքանակների որոշման հիմքերի և ջրային ավազանը կառավարող, որսի իրավունք ունեցող անձի հստակ պարտավորությունների սահմանմանը: Հանձնարարվել է ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել խեցգետնի որսի համար թույլատրվող որսագործիքների, հատկապես՝ ձկնորսական ցանցերի նկատմամբ ներկայացված տեխնիկական պահանջների և գործնականում դրանց չբավարարելու դեպքերը կանխարգելելու վերաբերյալ առաջարկություններ։ Կարեն Կարապետյանը հանձնարարել է նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին ուժեղացնել վերահսկողությունը խեցգետնի որսի նկատմամբ՝ պարբերաբար ներկայացնելով տեղեկատվություն բացահայտված իրավախախտումների և կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ։ «Ռեսուրսն իրականում նվազել է: Այս ոլորտը, որը մենք համարում ենք հեռանկարային, այսօր ճգնաժամային վիճակում է գտնվում: Շատ շտապ պետք է միջոցներ ձեռնարկել»,- նշել է վարչապետը:

Նմանատիպ նյութեր