211652_close_icon
views-count3728 դիտում article-date 17:20 05-09-2017

3,5% տնտեսական աճը կապահովվի, սակայն քաղաքացիները դրա ազդեցությունը չեն զգա. Վահագն Խաչատրյան

«Իրավիճակային լուծումներ են գտնում, իսկ ռազմավարական ծրագրերն ուշադրությունից դուրս են մնում: Այդ պատճառով ոչ մի տրամաբանություն չկա կառավարության գործունեության մեջ»,- այսօր մամուլի ասուլիսին ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, քննադատելով կառավարության գործունեությունը: Ինչ վերաբերում է ներդրումներին, աշխատատեղերի բացմանը, տնտեսագետը նկատեց, որ այդ առումով էլ ոչինչ չի փոխվել: Ըստ նրա՝ Հայաստանում ցածր հարկային դաշտ չկա, իսկ հիմա փորձում են հարկայն բեռն ավելացնել: «Ներդրումների խոստումները իրականությանը չեն համապատասխանում: Ըստ պաշտոնական վիճակագրության հունվար–հուլիս ամիսներին բացվել է 189 աշխատատեղ, թեև պաշտոնյաները նշում են 2500 աշխատատեղ, կցանկանայի տեսնել, թե որտեղ է այդքանը ստեղծվել»,- ասաց նա: Անդրադառնալով տնտեսական աճին` տնտեսագետը նշեց, որ դրան կարող են նպաստել տրանսֆերտները, ինչպես նաև շատ շոգը և շատ ցուրտը, ինչի արդյունքում ավելի շատ էլեկտրաէներգիա է ծախսվում: «Տնտեսական աճի ազդեցությունը, եթե ինչ-որ տեղ կա, ապա այն մարդիկ են զգում, ովքեր միշտ օգտվում են ստեղծված իրավիճակից: Ես կարծում եմ, որ 3,5 տոկոս աճը կապահովվի, սակայն քաղաքացիների վրա ազդեցություն չի ունենա, քանի որ համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ, իսկ եթե չկա այդ փոփոխությունը, ապա եթե նույնիսկ տնտեսական աճ լինի, այն ազդեցություն չի ունենա տնտեսական բարեկեցության վրա»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր