211652_close_icon
views-count2586 դիտում article-date 22:21 04-09-2017

Հայաստանին նվիրված միջոցառումներ են անցկացվել Լեհաստանի Բիալստոկ քաղաքում

Օգոստոսի 31-ին Լեհաստանում ՀՀ դեսպանության պատվո հովանու ներքո Բիալիստոկ քաղաքում տեղի ունեցան հայկական մի շարք միջոցառումներ, որոնք անցկացվեցին Լեհաստանի Հանրապետության մշակույթի և ազգային ժառանգության նախարարության կողմից իրականացվող «Արևելքի մշակույթ» ծրագրի շրջանակներում: Բիալիստոկի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում կայացավ հայկական կինեմատոգրաֆիայի երևելի ներկայացուցիչ Համո Բեկնազարյանի «Զարե» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը` ԱՄՆ-ում բնակվող հայազգի Բեի Ռուի կենդանի երաժշտական մշակումների ուղեկցությամբ: Ֆիլմի ցուցադրությունից առաջ ելույթներով հանդես եկան Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Բիալիստոկի քաղաքապետի տեղակալ Ռաֆալ Ռուդնիցկին, Երևանյան «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Վարդիկյանը: Իր ելույթում դեսպան Ղազարյանը շնորհակալություն հայտնեց Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարությանը և Բիալիստոկի իշխանություններին՝ «Արևելքի մշակույթ» ամենամյա մշակութային ծրագրի շրջանակներում հայկական մշակույթը ներկայացնելու հնարավորության համար: Դեսպանի խոսքով՝ «Զարե» ֆիլմը, որը պատմում է Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների և նրանց հանդեպ հայ ժողովրդի ուշադրության ու հոգատար վերաբերմունքի մասին, նաև ընդգծում է հայ և լեհ ժողովուրդների ընդհանրությունները: Դեսպանը որպես հիմք ընդգծեց այն հանգամանքը, որ 2017թ. Լեհաստանում մեծ շուքով նշվում է Լեհաստանի Կազմիմերժ թագավորի կողմից Հայ առաքելական եկեղեցուն շնորհված արտոնությունների 650-ամյա հոբելյանը, որն էլ հայ ժողովրդի հանդեպ լեհերի բարյացակամ վերաբերմունքի և երկու ժողովուրդների դարավոր բարեկամության լավագույն ապացույցներից մեկն է: Ֆիլմի ցուցադրությանը հետևեց Բիալիստոկի մշակույթի կենտրոնի ճեմասրահում ՀՀ Նախագահի անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի «Հուշեր ճանապարհից» խորագրով լուսանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Ղազարյանը և Բիալիստոկի քաղաքապետի տեղակալ Ռուդնիցկին: Հայկական միջոցառումների շրջանակներում Լեհաստանում բնակվող հայազգի խոհարար Դիանա Վոլոխովա-Սարգսյանի կողմից անցկացվեց վարպետության դասընթաց, որի ընթացքում մանրամասն ներկայացվեցին հայկական խոհանոցի ավանդական ճաշատեսակների պատրաստման առանձնահատկություններն ու եղանակները:

Նմանատիպ նյութեր