211652_close_icon
views-count5748 դիտում article-date 19:23 01-09-2017

Ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությանը կմասնակցի հինգ հունահռոմեական ըմբիշ

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանիների հավաքականը պատրաստվում է աշխարհի առաջնությանը: Ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ թիմն օգոստոսի 20-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում: Մարզիչը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց, որ տարվա գլխավոր ստուգատեսին մասնակցելու են այն ըմբիշները, որոնք լավ են հանդես եկել Եվրոպայի առաջնությունում և միջազգային մրցաշարերում: Թիմի կազմում ընդգրկվել է հինգ մարզիկ՝ Հայկ Ասատրյանը (50 կգ քաշային կարգ), Շանթ Խաչատրյանը (63 կգ), Սարգիս Թադևոսյանը (69 կգ), Դավիթ Պողոսյանը (76 կգ), Տիգրան Համբարձումյանը (85 կգ): «Մեր տարիքային խմբում Եվրոպայի և աշխարհի առաջնություններն անցկացվում են կարճատև ընմիջումով: Այդ պատճառով, շատ դեպքերում, մարզիկները չեն կարողանում լիարժեք վերականգնվել և ազատվել ավելորդ քաշից: Մենք թիմում ընդգրկել ենք լավագույններին, որոնք հաջող են հանդես եկել և լավ արդյունք են գրանցել այս տարվա միջազգային մրցումներում: Կարող եմ ասել, որ մեր ըմբիշները լավ մարզավիճակում են, մնացածը ցույց կտա գորգը: Ավելի մեծ ակնկալիքներ ունենք Հայկ Ասատրյանից, Շանթ Խաչատրյանից և Սարգիս Թադևոսյանից: Նրանք ավելի փորձառու են, Եվրոպայի առաջնությունում դարձել են մեդալակիրներ: Բայց մյուս երկու ըմբիշներն էլ լավ հնարավորություններ ունեն»,- ասաց Գագիկ Խաչատրյանը: Պատանեկան աշխարհի առաջնությունը կկայանա Աթենքում, սեպտեմբերի 4-10-ը: Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի սեպտեմբերի 3-ին: Աշխարհի առաջնությունը կանցկացվի Եվրոպայի առաջնության մրցակարգով՝ երկու օր կշեռքով. առաջին օրը՝ մաքուր քաշ, երկրորդ օրը, ովքեր կպայքարեն մեդալների համար՝ երկու կիլոգրամ ավելի լինելու իրավունքով:

Նմանատիպ նյութեր