211652_close_icon
views-count9035 դիտում article-date 18:20 31-08-2017

«Ազգ-Բանակ» գաղափարախոսության իրացման համար կառավարությունն օրինագծեր է առաջարկում

Կառավարությունն այսօր հավանություն է տվել «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որի նպատակն է բարձրացնել խաղաղ և պատերազմի ժամանակ ՀՀ պաշտպանության ապահովման արդյունավետությունը, նպաստել «Ազգ-Բանակ» գաղափարախոսության ամբողջական իրացմանը: Հավանության է արժանացել նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել խաղաղ և պատերազմի ժամանակ ՀՀ զինված պաշտպանության արդյունավետությունը, բարձրացնել քաղաքացիների վստահությունը պարտադիր զինվորական ծառայության և պահեստազորային պատրաստության գործընթացի նկատմամբ, քաղաքացիների մոտ խթանել պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու կամահայտության դրսևորումը, ինչպես նաև նպաստել «Ազգ-Բանակ» գաղափարախոսության ամբողջական իրացմանը: Օրինագծով սահմանվում են պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման և իրականացման, պարտադիր զինվորական ծառայությանը նախապատրաստման, զինապարտների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, պարտադիր զինվորական ծառայությունից ազատումների և տարկետումների, զինծառայողներին պաշտոնի նշանակման և ազատման, զինվորական կոչումների շնորհման, զինվորական ծառայությունից արձակելու և այլ հարաբերությունները, պահեստազորում հաշվառման կարգը, պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումները և դրանցում քաղաքացիներին ներգրավվելու ընթացակարգերը, զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների և նրանց հավասարեցված անձանց իրավական և սոցիալական երաշխիքները: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ այս նախագծերով նախ լուծվում է սահմանադրական փոփոխություններով պայմանավորված նոր իրավական կարգավորումների պահանջը: Ըստ նախարարի՝ վերոնշյալ երկու օրինագծերում միավորվել են 7 գործող օրենքներ: Օրինագծերի նպատակն է նաև իրավական հիմք ապահովել նոր քաղաքականության համար: «Դրա մեջ է մտնում նաև հանրային քննարկում անցած «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի համար իրավական բազայի ձևավորումը, որպեսզի հնարավոր լինի առաջիկա զորակոչից սկսած այդ ծրագրերը կյանքի կոչել»,- ասել է Վիգեն Սարգսյանը: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրինագծով, մի շարք վերանայումներ են նախատեսվել: Մասնավորապես, զորակոչի կազմակերպման մեջ վերացվում է «տնից առնվազն 150 կմ հեռավորության վրա ծառայելու» պահանջը: Անդրադառնալով մեկ այլ արհեստական սահմանափակմանը՝ նախարարը նշել է. «Մենք ասում ենք, որ եթե երկու եղբայր նույն զորակոչի ժամանակ են զորակոչվում, ապա իրենք կարող են նույն զորամասում իրենց ցանկությամբ ծառայություն անցնել: Օրինագծով առաջակում ենք «նույն զորակոչ» ձևակերպումը հանել, որովհետև անկախ նրանից նույն զորակոչն է, թե ոչ, եթե նույն ընտանիքից երկու կամ երեք եղբայր ծառայում են, իրենք իրենց ցանկությամբ պետք է կարողանան նույն զորամասն ընտրել»: Նոր տարբերակ է առաջարկվում նաև ռազմաուսումնական հաստատություններում սովորողների համար. օրինագծով առաջարկվում է պայմանագրի պարտադիր ժամկետը սահմանել 10 տարի՝ 20 տարվա փոխարեն: «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Արդյունքում հնարավորություն կընձեռվի դրոշմանիշային վճարներն ամբողջ ծավալով փոխանցել Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամին և կարգավորել դրոշմանիշային վճարների պարտավորությունների սահմանված չափից ավելի վճարված գումարները վերադարձնելու հետ կապված հարաբերությունները:

Նմանատիպ նյութեր