211652_close_icon
views-count6145 դիտում article-date 22:36 30-08-2017

Կոտայքի մարզի Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան ճանապարհահատվածում շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզի Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան ճանապարհահատվածում շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելեց նշված ճանապարհահատված, մանրակրկիտ դիտարկեց կատարված աշխատանքները, միաժամանակ իր նկատառումները հայտնեց այն հատվածների վերաբերյալ, որտեղ աշխատանքի որակը գոհացուցիչ չէ: Նախարարը տեխհսկիչներին հանձնարարեց որակի ամենօրյա հսկողություն իրականացնել: «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Արշակյանը հայտնեց, որ լաբորատոր հետազոտությունները պարտաճանաչ իրականացվում են: «Բոլոր հատվածներում, մինչև ասֆալտը տեղադրել, նմուշները բերվում են լաբորատորիա, հատիկական կազմը, բաղադրությունը, ասֆալտի տիպը որոշելուց հետո նոր միայն տեխհսկիչների միջոցով թույլատրվում է տեղադրել»: Շինաշխատանքներն այս ճանապարհահատվածում մեկնարկել են անցած տարվա սեպտեմբերին: Արդեն կատարվել են ճանապարհահատվածի 9,84 կմ ասֆալտապատման, հենապատերի վերանորոգման ու նոր հենապատերի կառուցելու աշխատանքները: Դրանց բետոնյա մակերեսի վերաբերյալ ևս նախարարը դիտողություններ արեց, ճանշինի ղեկավարը խոստացավ շտկել թերությունները. Կատարվում են նաև կամուրջների վերականգնման աշխատանքներ: Նախարարը, դիտարկելով այստեղ իրականացվող շինարարությունը, ճանապարհաշինական ընկերության ուշադրությունը հրավիրեց ճանապարհամերձ հատվածներն ու ջրատար վաքերն աղբից մաքուր պահելու խնդրին: Շարունակվում են ջրահեռացման համակարգի և մայթերի վերականգնման, անվտանգության տարրերի տեղադրման աշխատանքները: Փաստացի կատարված աշխատանքների առաջընթացն այս պահին կազմում է շուրջ 65%: Ըստ պայմանագրի՝ շինարարությունը պետք է ավարտվի նոյեմբերի վերջին, սակայն ճանապարհաշինարարները խոստանում են ճանապարհը շահագործման հանձնել ժամկետից շուտ` պահպանելով որակական չափանիշները: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր