211652_close_icon
views-count3593 դիտում article-date 14:27 30-08-2017

Երևանի քաղաքապետարանի և Ցինդաոյի քաղաքային ժողովրդական կոնգրեսի միջև Մտադրությունների հուշագիր է ստորագրվել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Չինաստանի Ցինդաո քաղաքի քաղաքային ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Լիու Շենգժենի գլխավորած պատվիրակության հետ: Հյուրերին ներկայացնելով մայրաքաղաքի զարգացման ռազմավարության հիմնական ուղղություններն ու այդ շրջանակում նաև միջազգային տարբեր կառույցների հետ համագործակցության ծրագրերը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանը տարեցտարի ընդլայնում է գործակցության շրջանակներն ու այսօր համագործակցում է աշխարհի շուրջ 50 քաղաքների և 10 միջազգային կառույցների հետ: «Քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում ենթակառուցվածքների արդիականացման ու զարգացման, ծառայությունների որակը զգալիորեն բարձրացնելու հարցում մեր կողմից առանձնակի է կարևորվում նաև գործընկեր քաղաքների և միջազգային տարբեր կառույցների հետ համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը: Այս կերպ, փորձի փոխանակման միջոցով, հնարավորություն է ընձեռվում գտնել առավել արդյունավետ տարբերակներ, որոնք էլ կիրառվում են գործնականում», - նշել է քաղաքապետն ու համոզմունք հայտնել, որ համագործակցությունն արդյունավետ կլինի նաև Երևանի և Ցինդաոի միջև: Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է նաև երկու քաղաքների միջև Մտադրությունների մասին հուշագրի ստորագրումը, որն էլ, ըստ էության, փոխշահավետ համագործակցության մեկնարկ կդառնա: Հաշվի առնելով, որ պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև խոշոր ընկերությունների ղեկավարներ, քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է ներդրումային հետաքրքրություն ներկայացնող ծրագրերին ու նախագծերին: «Երևանի քաղաքապետարանն այսօր ներկայացնում է ներդրումային առաջարկ-ծրագրեր, որոնք կարող են հետաքրքրել մասնավոր հատվածին: Մենք կարևորում ենք կոնկրետ ծրագրերի ու նախագծերի իրականացումը և պետք է նշեմ, որ գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման հետ կապված այսօր մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվում», - ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է քննարկելու համագործակցության կոնկրետ ծրագրեր և, ըստ ամենայնի, օժանդակելու դրանց կյանքի կոչմանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Ցինդաոյի քաղաքային ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Լիու Շենգժենն իր հերթին նկատել է, որ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության եզրերն իսկապես բազմազան են: «Պարոն քաղաքապետ, մեզ համար անչափ կարևոր է համագործակցության հարցում Ձեր պատրաստակամությունը, քանի որ քաղաքներն իսկապես ունեն համանման խնդիրներ և դրանց լուծման ուղիներն առավել հեշտ է գտնել փոխշահավետ համագործակցության միջոցով: Ցինդաոն Չինաստանի արդյունաբերական հզոր կենտրոններից մեկն է և համոզված եմ, որ տնտեսական կապերի ամրապնդման ու քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում կարող ենք ծավալել փոխշահավետ համագործակցություն՝ ի շահ երկու քաղաքների զարգացման», - նշել է Լիու Շենգժենը: Հանդիպման շրջանակում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը և Ցինդաոյի քաղաքային ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Լիու Շենգժենը ստորագրել են Մտադրությունների մասին հուշագիր, ըստ որի էլ նախանշվում է երկու քաղաքների հետագա աշխատանքների ուղղվածությունը: Կողմերը պայմանավորվել են ձևավորել աշխատանքային խումբ, որը կմշակի առաջարկություններ՝ երկու քաղաքների միջև համագործակցության վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր