211652_close_icon
views-count3222 դիտում article-date 12:44 30-08-2017

ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտը պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանում ագրարային ոլորտի բարելավման աշխատանքները

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի (USDA) արտաքին գյուղատնտեսական ծառայության կարողությունների ուժեղացման և զարգացման գրասենյակի ծրագրի ղեկավար Կլեմեն Գելհարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել USDA-ի օժանդակությամբ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում վերջին տարիներին իրականացվող ծրագրերը և նախանշել հիմնադրամի հետ համագործակցության հնարավոր ուղղությունները: Ներկայացնելով հիմնադրամի գործունեությունը, ընթացիկ և առաջիկա ծրագրերը՝ Գեղամ Գևորգյանն ընդգծել է, որ այն միտված է ագրարային ոլորտի առավել արդյունավետ կառավարմանը, որը նախատեսվում է իրականացնել պետության և մասնավոր հատվածի միասնական քաղաքականության ներքո: Անդրադառնալով ոլորտի խնդիրներին` հիմնադրամի գործադիր տնօրենը տեղեկացրել է, որ հանրապետության գյուղատնտեսության ոլորտում աստիճանաբար ներդրվելու են ժամանակակից տեխնոլոգիաներ: Մասնավորապես, իրականացվելու է աշխարհագրական թվայնացված համակարգի (ԱԹՀ) ներդրման ծրագիրը, որով կկատարվի տիեզերական պատկերների վերլուծություն, վնասների գնահատում, գյուղատնտեսության ոլորտում առկա տվյալների հավաքագրում, ինչն իր հերթին հնարավորություն կընձեռի վնասները գնահատել առավել օպերատիվ և ճշգրիտ: Հիմնադրամի տնօրենը կարևորել է նաև Գյուղդեպարտամենտի աջակցությամբ Հայաստանում հիմնադրված Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի (ATC) ու Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամի (CARD) գործունեությունը: Պատվիրակության ղեկավար Կլեմեն Գելհարն իր հերթին ընդգծել է ԱՄՆ Գյուղդեպարտամենտի պատրաստակամությունը շարունակել աջակցություն ցուցաբերել Հայաստանում ագրարային ոլորտի բարելավման ու հետագա զարգացման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում կողմերի միջև ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:

Նմանատիպ նյութեր