211652_close_icon
views-count4926 դիտում article-date 13:33 25-08-2017

Կարեն Բաղդասարյան. Թայփեյում բոլոր մարմնամարզիկներն էլ փորձեցին հանդես գալ ողջ կարողությունով

Մեր ուսանող մարմնամարզիկներն այս գիշեր Համաշխարհային ուսանողական խաղերից վերադարձան Երևան: Թիմի և Արթուր Թովմասյանի անձնական մարզիչ Կարեն Բաղդասարյանը «Զվարթնոց» օդանավակայանում ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց մարզիկների մրցելույթները. «Արթուր Դավթյանը երեք օր հավասար կռիվ տվեց աշխարհի ուժեղագույն մարմնամարզիկների հետ: Բազմամարտում նա գրավեց հինգերորդ տեղը, բայց մենք նրանից գոհ ենք այն առումով, որ վեց գործիքի վրա պայքարում աշխարհի հինգ ուժեղագույնների մեջ տեղ զբաղեցնելը քիչ բան չէ: Նա նժույգ թափերում եզրափակիչ չէր մտել, սակայն հրաժարվող եղավ ու նա հնարավորություն ստացավ: Դավթյանն իր վարժությունը կատարեց առավելագույնս լավ: Միայն վարժության նախնական բազային գնահատականի պատճառով բրոնզե մեդալին միավորի հազարերորդական մաս չբավականացրեց ու բավարարվեց չորրորդ տեղով: Արթուրը եզրափակիչ անցել էր հենացատկում և օղակներ վարժությունում: Հենացատկում նույնպես նրա վարժության բազային միավորը զիջում էր առաջատարներին և մեդալ նվաճելու համար Արթուրը, ինչպես ասում են, գնաց վաբանկ: Ցատկը գերազանց կատարեց, սակայն վայրէջքի պահին ձեռքով հպվեց հատակին: Օղակներ վարժության եզրափակչում մեդալ նվաճելու Դավթյանի շանսերը համեմատաբար քիչ էին, քան Արթուր Թովմասյանինը, որը նախնական փուլում զբաղեցրել էր իններորդ հորիզոնականը և եզրափակչի առաջին պահեստային մարզիկն էր: Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ մարզիչներով ու Արթուր Դավթյանի հետ խորհրդակցելով՝ որոշում կայացրինք, որ Դավթյանը հրաժարվի այդ ձևից ու Թովմասյանին իրեն ցուցադրելու ևս մեկ հնարավորություն տրվի: Եվ Արթուր Թովմասյանը լիովին արդարացրեց սպասելիքները՝ նվաճելով չեմպիոնի տիտղոսը: Ինչ վերաբերում է Արմեն Պետրոսյանին, նա մասնակցեց նժույգ թափերին և ազատ վարժություններին, սակայն երկուսում էլ նրա մոտ չստացվեց»:

Նմանատիպ նյութեր