211652_close_icon
views-count9349 դիտում article-date 20:26 24-08-2017

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Լոռու մարզում հետևել է բերքահավաքին և այցելել վերամշակող ընկերություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Լոռու մարզում վարելահողերի օգտագործման մակարդակը 48%-ից հասել է շուրջ 70%-ի. Իգնատի Առաքելյանը հետևել է բերքահավաքի աշխատանքներին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ` Մեծ Պարնի և Տաշիր համայնքներում ընթացող հացահատիկի և կտավատի բերքահավաքի աշխատանքներին հետևելու նպատակով: Այցի սկզբում Իգնատի Առաքելյանը մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ եղել է Մեծ Պարնի համայնքում, որտեղ հանդիպում է ունեցել համայնքապետերի, ֆերմերների և գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել են մարզում գյուղատնտեսության բնագավառի ներկա վիճակն ու այս տարի ոլորտում գրանցված հաջողությունները: Հանդիպման մասնակիցները բարձրաձայնել են իրենց հուզող խնդիրները, մասնավորապես՝ համայնքում հնդկացորենի գործարանի հիմնման և ոռոգման խնդրի լուծման անհրաժեշտությունը: Մեծ Պարնիի համայնքապետ Գագիկ Պալյանը տեղեկացրել է, որ համայնքի 1556 հեկտար վարելահողերից մշակվում է ավելի քան 1350-ը, առաջիկա տարիների ընթացքում նախատեսվում է մնացած անջրդի հողատարածքներում ևս ցանք իրականացնել: Բացի ցորենից, համայնքում մշակվում են հնդկացորեն, գարի, հաճար, կտավատ, ոլոռ, ոսպ և այլ մշակաբույսեր: Նրա խոսքով` 2014 թվականին համայնքում ստեղծվել է «Մեծ Պարնիի արոտօգտագործողների միություն» սպառողական կոոպերատիվը, որը ձեռք է բերել 4 միավոր գյուղտեխնիկա և 10 կցորդիչ, համայնքում գործում է նաև կաթի հավաքման կետ: «Մենք միջոցներ կձեռնարկենք գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում գյուղատնտեսական սարքավորումների ցանկը համալրելու ուղղությամբ, որպեսզի վերջնական արտադրանք ստանալու համար գյուղացիներն ապահովված լինեն նորագույն տեխնիկայով», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը: Քննարկվել է նաև համայնքում արտադրվող ցորենի իրացման առավել արդյունավետ կազմակերպման հարցը: Տեղեկացնելով, որ ներմուծողները պատրաստ են գնել Հայաստանում արտադրվող ցորենը՝ նախարարը միաժամանակ շեշտել է, որ արտադրանքի բարեհաջող իրացման համար հարկավոր է ոչ միայն համախմբված և համակարգված աշխատել, այլև ստեղծել մեկ միասնական կետ, որտեղից հնարավոր կլինի կազմակերպել ցորենի իրացման գործընթացը: Իգնատի Առաքելյանը նաև հավելել է, որ ներկայումս սերմնաբուծության ոլորտում քայլեր են ձեռնարկվում ներմուծումը ներքին արտադրությամբ փոխարինելու ուղղությամբ: Այնուհետև նախարարն ուղևորվել է Պեծ Պարնի համայնքի կտավատի դաշտեր` բերքահավաքի աշխատանքներին ծանոթանալու համար: Շրջայցի ընթացքում նախարարին տեղեկացրել են, որ այստեղ 108 անձինք միավորվել են մեկ կոոպերատիվի ներքո և 23 հեկտար անջրդի հողատարածքներում այս տարի մշակվել է կտավատ, որի արդյունքներից գոհ են: Մեծ Պարնի համայնքում զբաղվում են նաև հնդկացորենի մշակությամբ, որի ծավալներն օրեցօր ավելանում են , այստեղ գործում է նաև հնդկացորեն արտադրողների սպառողական կոոպերատիվ: Համայնքապետի խոսքով՝ այս պահին առկա են որոշակի խնդիրներ Ծովագյուղի և Բավրայի հնդկացորենի վերամշակման գործարաններում, սակայն միաժամանակ հույս է հայտնել, որ մոտ ապագայում այդ խնդիրները կհարթվեն: Համայնքի առաջիկա անելիքների թվում Գագիկ Պալյանը մատնանշել է հողերը միասնական ձևով մշակելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նոր մշակաբույսերի մշակությամբ զբաղվելու խրախուսումը: Նախարարը կարևոր և ողջունելի է համարել մարզում կոոպերատիվների ստեղծման գործընթացը` ընդգծելով, որ կոոպերացումը թույլ կտա բարձրացնել աշխատանքի արդյունավետությունն ու ավելացնել կոոպերատիվի անդամների եկամտաբերությունը: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն իր հերթին վստահություն է հայտնել, որ Մեծ Պարնի համայնքում հիմնված կոոպերատիվներն օրինակ կծառայեն փոքր տնտեսությունների միավորման և նմանատիպ այլ կոոպերատիվների ստեղծման համար: Ներկայացնելով Լոռու մարզի գյուղատնտեսության ոլորտի ներկա վիճակը` մարզպետը տեղեկացրել է, որ տարեց տարի մարզում ավելանում են ցանքատարածությունները և վերջին հինգ տարիների ընթացքում վարելահողերի օգտագործման մակարդակը 48%-ից հասել է շուրջ 70%-ի: Այցի շրջանակում նախարարը եղել է Տաշիր համայնքի «Բոզոյան» ՍՊԸ-ի հացահատիկի ցանքատարածություններում, հետևել բերքահավաքի աշխատանքների ընթացքին: Ընկերության հիմնադիր Արամայիս Բոզոյանի տեղեկացմամբ, ընկերությունն այս պահին առավել քան 2000 հետկարի վրա զբաղվում է հիմնականում ցորենի և այլ հացահատիկի արտադրությամբ, ընթացիկ տարում բերքատվությունը կազմելու է հեկտարից շուրջ 2 տոննա, ինչը պայմանավորված է ապրիլ ամսին տեղի ունեցած ցրտահարությամբ: Որպես հացահատիկի մշակությամբ զբաղվող խոշորագույն ընկերություն` պատրաստ է հարկ եղած դեպքում հանրապետությանն ապահովել սերմացու ցորենով: Նրա համոզմունքով՝ մշակությունը ճիշտ կազմակերպելու դեպքում ցորենի մշակումը շահավետ է: Նախարարի շրջայցի ընթացքում ընկերության հիմնադիրը ներկայացրել է նաև խոզաբուծական ֆերմա հիմնելու ծրագիրը, որով նախատեսվում է Եվրոպայից ներկրել համապատասխան սարքավորումներ` 14 հազար գլուխ խոզ բուծելու նպատակով: Ի պատասխան ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել ծրագրի իրականացման համար, մասնավորապես, հարկերի հետաձգման հարցում: Տաշիրում նախարար Իգնատի Առաքելյանը եղել է նաև «Դուստր Մելանյա» ՍՊԸ-ում: Տնօրեն Ռուբեն Հարությունյանը տեղեկացրել է, որ ընկերությունում տարեկան վերամշակվում է մոտ 3500 տոննա կաթ, մինչև 2020 թվականը նախատեսվում է այդ ցուցանիշը հասցնել մինչև մոտ 4000 տոննա: Ընթացիկ տարվա 7 ամիսների ընթացքում արդեն մթերվել է 2680 տոննա կաթ, ակնկալվում է, որ մինչև տարեվերջ այդ ցուցանիշը կկազմի մոտ 3500 տոննա: Նրա խոսքով` 2016 թվականին կաթի միջին գինը տարեկան կտրվածքով կազմել է 145.5 դրամ, այս տարի առ այսօր գինը գրեթե անփոփոխ է: Ընկերության արտադրանքի մոտ կեսն իրացվում է Ռուսաստանի շուկայում, մասամբ ԱՄՆ-ում, մնացածը` տեղական շուկայում: Ռուբեն Հարությունյանի հավաստմամբ` ընկերության ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում է արտադրվող կաթնամթերքի անվտանգության ապահովումը: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր