211652_close_icon
views-count11117 դիտում article-date 20:34 23-08-2017

Նոյեմբերին Երևանում էներգախնայողությանը նվիրված բարձր մակարդակի համաժողով է կազմակերպվելու

Օգոստոսի 23-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հանդիպում է ունեցել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը: Հանդիպման գլխավոր թեման էներգետիկայի ոլորտում Եվրոպական միության և Հայաստանի միջև համագործակցությունն էր: Այս մասին հայտնում են ԵՄ պատվիրակության մամուլի ծառայությունից: Նախարարը բարձր է գնահատել Եվրոպական միության աջակցությունը էներգետիկայի բնագավառում իրականացվող ռազմավարական ծրագրերի առումով: Դեսպան Սվիտալսկին գոհունակությամբ փաստել է նաև, որ Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգը հագեցած է ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային բազմաթիվ ծրագրերով: «Մենք ուսումնասիրել ենք Հայաստանի կառավարության ծրագիրը. հեռանկարային է, որ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն ունի հստակ տեսլական և դա հնարավորություն է տալիս ընդլայնելու համագործակցությունն այս ոլորտում»,- ասել է Պյոտր Սվիտալսկին։ Նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարությունը և Եվրոպական ներդրումային բանկը ստեղծում են համատեղ աշխատանքային խումբ, որը կքննարկի և Եվրոպական ներդրումային բանկին կներկայացնի այն ծրագրերը, որոնք բանկը պատրաստ կլինի ֆինանսավորել։ Մասնավորապես ներկայացված են «Շնող» ՀԷԿ-ի, Հրազդանում կենցաղային աղբի վերամշակումից էլեկտրաէներգիայի արտադրության կայանի, Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրերը: Նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող շարունակական օժանդակության համար և վստահեցրել, որ հետևողական է ԵՄ տարբեր կառույցների հետ ձեռք բերվող պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում: Զրուցակցները մտքեր են փոխանակել Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման, Էներգետիկ համայնքի հետ համագործակցության և Հայաստանում «կանաչ» էներգիայի զարգացման հեռանկարների վերաբերյալ, ինչպես նաև կարևորել 2017 թվականի նոյեմբերին Երևանում էներգախնայողությանը նվիրված բարձր մակարդակի համաժողովի անցկացումը:

Նմանատիպ նյութեր