211652_close_icon
views-count7127 դիտում article-date 10:59 22-08-2017

Գուցե նրանք իրականում սնվում են «գող-ավազակների» խմբերից մեկի կողմից. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «70-80-ական թվականներին խորհրդային կենտրոնական հեռուստատեսությամբ հեռարձակվում էր դետեկտիվ սերիալ, որը կոչվում էր «Քննությունը վարում են գիտակները»: Սերիալի համար կոմպոզիտոր Մարկ Մինկովը (որն, ի դեպ, Արամ Խաչատրյանի աշակերտն էր) և բանաստեղծ Անատոլի Գորոխովը երգ էին գրել, որը հայտնի է առ այսօր: Սերիալի մտահղացումը այն ժամանակվա ներքին գործերի նախարար Նիկոլայ Շչոլոկովինն էր, որը 70-ականների սկզբին նպատակ ուներ հասարակությանը մատուցել պարկեշտ և խելացի ոստիկանի կերպար: Տաղանդավոր ստեղծագործական խումբն ամեն ինչ արեց, որպեսզի այդ մտահղացումն իրականացվեր: Սակայն Անդրոպովի ժամանակ պարզվեց, որ ինքը` Շչոլոկովը և իր գերատեսչությունը ոտքից գլուխ թաթախված է կոռուպցիայի մեջ, նրան ազատեցին աշխատանքից, իսկ որոշ ժամանակ անց նախկին նախարարն ինքնասպանություն գործեց (ինչն, այնուամենայնիվ, խոսում է այդ մարդու որոշակի բարոյական սկզբունքների մասին): Մինկովի և Գորոխովի երգից այժմ ամենահիշվող բառերն են՝ «если кто-то кое-где у нас порой честно жить не хочет»: Այս տողն այն տարիներին քմծիծաղով էր ընդունվում, որովհետև պետական ապարատի համատարած բարոյազրկությունը և ցինիզմը ոչ մի բանով չէր զիջում այսօրվա վիճակին: Ուրիշ հարց, որ իմ հասակակիցների մի մասը ինչ-որ «վարդագույն» հիշողություններ ունի: Բայց այս արտահայտությունը հետաքրքիր է նաև այլ առումով: Խնդիրն, այսպես ասած, հասցեականության բացակայությունն է` անձը, վայրը և ժամանակը նշվում են անորոշ պարագաներով, որով կարծես թե մեղմացվում է ասելիքը: Դա մի քիչ նման է Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին` «կոչ ենք անում կողմերին զերծ մնալ…» և այլն: Նույն ոճով հաճախ ելույթ են ունենում մեր ընդդիմադիրները: «Դուք բոլորդ գող-ավազակ եք»` 25 տարի բացականչում են նրանք: Ենթադրենք, ես այդ անհասցե հայտարարություններին հավատում եմ: Բայց քանի որ անուններ չեն ասվում, բացի առաջին դեմքի անունից, որին ամեն ինչի համար պատասխանատու են նկատում, իմ մեջ, ճիշտն ասած, կասկածներ են առաջանում` իսկ գուցե նրանք ձև են անում, որ այդքան խիզախ են և «ժողովրդասեր» և իրականում սնվում են այդ «գող- ավազակների» խմբերից մեկի կողմից, ու նրանց առաքելությունն է մյուս խմբերին ինչ-որ ուղերձներ հասցնել: Գուցեև սխալվում եմ, բայց այն անհասցե արտահայտություններն ինձ հիշեցնում են 70-ականների «ոստիկանական երգը»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր