211652_close_icon
views-count5480 դիտում article-date 22:48 19-08-2017

Սփյուռքահայ երիտասարդների աջակցությամբ Ջրաշենում մանկապարտեզ է բացվել

Ավելի քան 25 տարի անց Արարատի մարզի Ջրաշեն գյուղում մանկապարտեզ է բացվել: Ծրագիրն իրականացրել են ԱՄՆ-ից, Լիբանանից, Սիրիայից եկած երիտասարդները տեղացի երիտասարդների օգնությամբ: «Թաքնված ճանապարհ Նախաձեռնություն» կազմակերպության երիտասարդները նախագծի վրա ծախսել են 2 տարի, գաղափարի հեղինակը Լոս Անջելեսում բնակվող Հասմինկ Բաղդասարյանինն է, գումարը սկսել է ընկերների հետ հավաքել տարբեր դրամահավաքների միջոցով: «Թաքնված ճանապարհ Նախաձեռնություն» կազմակերպությունը ստեղծելու միտքն առաջացել է 2009-ին, թիմի ղեկավար Նանոր Բալաբանեանը կամավորական աշխատանքով մեկնել էր Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր համայնք՝ երեխաների համար ամառային ճամբար կազմակերպելու: Այստեղ նրա ջանքերով համակարգչային սենյակ է բացվել՝ ապահովելով հեռավոր ու վատ ճանապարհներով գյուղի համար կապ աշխարհի հետ: Ծրագրից հետո էլ որոշեց օգնել մյուս թաքնված համայնքներին: Այսպես հիմնականում ԱՄՆ-ում բնակվող ուսանողներով հիմնեցին կազմակերպությունը:»,- ասում է Հասմիկը: «Թաքնված ճանապարհ Նախաձեռնություն» կազմակերպության անդամները, «Ալֆա Գամա Ալֆա» կազմակերպության անդամաների հետ հավաքել են անհրաժեշտ 9000 դոլար, որի շնորհիվ առանձնացրել ու նորոգել են համայնքի միջնակարգ դպրոցի 2 սենյակ: Մանկապարտեզը կսպասարկի 30 երեխաների, կընդունեն 3-6 տարեկաններին: «Մանկապարտեզին երկար ենք սպասել, չէր ստացվում կառուցել համայնքի բյուջեի սղության պատճառով, ստիպված երեխաներին Նուբարաշենի, Մխչյանի ու մոտակա այլ համայնքների մանկապարտեզներ էին տանում»,-ասում է Ջրաշեն համայնքի ղեկավար Արտյոմ Ղազարյանը: Մանկապարտեզ արդեն կա, բայց այլ համայնքների մանկապարտեզներից ամբողջությամբ հրաժարվել չի լինի, Ջրաշենում մանկապարտեզային տարիքի ավելի քան 80 երեխա կա: Համայնքի ղեկավարը հույս ունի, որ առաջիկայում հնարավորություն կստեղծվի ընդլայնելու մանկապարտեզի տարածքն ու ընդունել բոլոր ցանկացողներին:

Նմանատիպ նյութեր