211652_close_icon
views-count8189 դիտում article-date 16:04 19-08-2017

Թեղուտ և Շնող գյուղերը երկար կյանք չեն ունենա.Հակոբ Սանասարյան

Թեղուտի հանքավայրի պոչամբարի հետևանքով Շնող գյուղի բնակիչների համար առաջացել են լուրջ խնդիրներ, գետի ջուրը և օդը աղտոտված են, այգիներն՝ անպտուղ: «Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանն այսօր ասուլիսում կարծիք հայտնեց, թե եթե հանքի շահագործումը նման ձևով շարունակվի, Թեղուտ և Շնող գյուղերը երկար կյանք չեն կարող ունենալ: Բնապահպանը հիշեցրեց, որ Թեղուտի հանքավայրի շահագործման նախագծի ներկայացման ժամանակ շահագործող ընկերությունը հայտարարում էր հանքավայրի շահագործմամբ շրջակա միջավայրին վնաս չի հասցնելու: «Նրանք ասում էին՝ պոչամբար ենք կառուցելու, որի ներքին նիշում կլինի պոչամբարի ծավալից ավելի շատ պոչանք տեղավորող մեկ այլ կառույց, և հատակը մեկուսացվելու է պոլիէթիլենային հաստ շերտով: Ես այսպիսի ստախոսություն չէի սպասում, պատկերը լրիվ հակառակն է: Ամբողջ տարածքում ծառերը հատել են, իսկ պոչանքը գալիս լցվում է կտրած անտառի և բուսականության վրա, զրո մեկուսացում է արված»,- հայտնեց նա: Հակոբ Սանասարյանի խոսքով՝ գյուղացիները տեսանկարահանել են, թե ինչպես է պոչանքը լցվում Շնող գետը, որտեղ բազմազան կենդանական աշխարհ էր. «8 ձկնատեսակ կար այդ գետում, հիմա այդտեղ ընդհանրապես կենդանական աշխարհը մեռած է»,- ահազանգեց բնապահպանը: «Հայաստանի կանաչների միության» նախագահը նաև տեղեկացրեց, որ Թեղուտի հանքը շահագործող ընկերությունը նախատեսում է ընդլայնել արտադրությունը, որին դեմ են գյուղացիները:

Նմանատիպ նյութեր