211652_close_icon
views-count3860 դիտում article-date 13:36 19-08-2017

«Իրականացրել ենք աննախադեպ թվով ծրագրեր ճամբարների, հավաքների ձևաչափով». Կարեն Ավագյան

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Դիլիջանի մարզաառողջարանային համալիրում անցկացվող «Ուսանողական ամառ 2017» մարզամշակութային փառատոնին օգոստոսի 18-ին հյուրընկալվեց ՀՀ փոխվարչապետ, ՀՊՏՀ կառավարման խորհրդի նախագահ Վաչե Գաբրիելյանը: Օգոստոսի 13-ից անցկացվող «Ուսանողական ամառ 2017» մարզամշակութային փառատոնի շրջանակներում 120 երիտասարդներ իրենց ուժերը փորձեցին շուրջ 16 մրցաձևերում: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) և բուհի ուսանողական խորհրդի կողմից անցկացվող փառատոնի մարզական և մշակութային մրցույթների արդյունքներով հաղթող ճանաչվեց ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետը: ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանը տեղեկացրեց՝ արդեն չորրորդ տարին իրականացվող փառատոնի նորամուծությունն այն է, որ մասնակցում է նաև ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի ջոկատը: Փառատոնի փակման օրը երիտասարդներին այցելության էին եկել նաև ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանը, պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը, ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրեն Սերգեյ Խառատյանը: Ճամբարականները պատվավոր հյուրերին դիմավորեցին հայկական տոնական շուրջպարով՝ ներկայանալով գեղեցիկ ավանդույթի վերածված և ՀՊՏՀ ուսանողական խորհրդի գրեթե բոլոր միջոցառումներից անպակաս դարձած «Բերդ»-ով: Հյուրերը մասնակցեցին տոնական ընթրիքի: Երեկոն շարունակվեց տոնական խարույկի շուրջ՝ կիթառի հնչյունների նվագակցությամբ: Երիտասարդները հարցեր հղեցին փոխվարչապետին: Այն հարցին, թե ինչ նոր նախագծեր և բարեփոխումներ է պատրաստվում իրականացնել փոխվարչապետը Տնտեսագիտական համալսարանում, Վաչե Գաբրիելյանը պատասխանեց. «Նոր ծրագրեր, իհարկե, սպասվում են, բայց առանցքային դերում, բնականաբար, լինելու է բուհում կրթության մակարդակի բարձրացումը և միջազգային առաջատար համալասարանների օրինակը տեղայնացնելով՝ ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխան որակյալ մասնագետների պատրաստումը»: Կարեն Ավագյանը փաստեց, որ այս տարի հիմնադրամի աջակցությամբ հավաքների, ճամբարների ձևաչափով աննախադեպ թվով միջոցառումներ են իրականացվել. «ՃՇՀԱՀ-ը ԵՊՀ-ն և ՀՊՏՀ-ն իրենց հավաքները սկզբում անցկացրել են Արցախում՝ զորամասերում, Արցախի երիտասարդության հետ, այնուհետև նաև ՀՀ-ում՝ բուհական մարզաառողջարանային համալիրներում: Ունեցել ենք նաև միջազգային ճամբարներ. Մանկավարժական համալսարանն իրականացնում է միջազգային ծրագիր, որին մասնակցում են տարբեր եվրոպական երկրներից երիտասարդներ: Այս ծրագրերի նպատակն է ստեղծել հարթակ ակտիվ, բարձր առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով երիտասարդության համար: Արդյունքում հնարավորություն է ընձեռվում առանձնացնել շնորհալի մարդկանց խումբ, որոնք էլ մեծ պատասխանատվություն են կրում տարբեր ուսանողական, երիտասարդական, մշակութային, սպորտային ծրագրեր իրականացնելու համար»: Կարեն Ավագյանը փաստեց` բոլոր այս միջոցառումների ամփոփումն, ըստ էության, «Բազե» համահայկական երիտասարդական հավաքն է. այսպիսով «Բազեի» մասնակիցներն անցնում են ևս մեկ նախընտրական փորձնական փուլ, քանի որ «Բազեում» մի քիչ մոտեցումներն այլ են` ավելի մասնագիտական ու պահանջկոտ, իսկ բուհերը ցանկություն ունեն հաղթանակած դուրս գալ ճամբարից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր