211652_close_icon
views-count8095 դիտում article-date 10:49 19-08-2017

Մոլորություն է, թե սովորելով ոչ մի բանի չես հասնի. 21-րդ դարում ամենաթանկ ապրանքը գիտելիքն է. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ուզում եմ մի քանի խոսք ասել՝ ի պաշտպանություն գիտելիքի և կրթության, ինչպես նաև աշխատասիրության և լավատեսության: Եթե աշխարհում կա մի մահկանացու, որը կարող է այսինչ կամ այնինչ բանն անել, ապա, զուտ տեսականորեն, դա կարող է անել ցանկացած մարդ: Ես այս պահին դժվար թե կարողանամ բարձրանալ Էվերեստի գագաթը կամ ջութակ նվագել Սերգեյ Խաչատրյանի նման: Բայց ես գիտակցում եմ, որ նման բաները մարդկային ունակությունից վեր չեն: Եվ այն մարդիկ, որոնք հասել են նշանավոր հաջողությունների, օժտված չեն ինչ-որ գերբնական շնորհներով, նրանց ֆիզիկական տվյալները, այդ թվում՝ ուղեղի չափն ու կառուցվածքը էապես չեն տարբերվում մնացած մի քանի միլիարդ մարդկանց տվյալներից: Ինչպես է իր խաղի մասին պատմում Հենրիկ Մխիթարյանը՝ «գնդակը հայտնվեց կողքս, ես ոտքս բարձրացրեցի, և այդպես հաջողվեց գոլ խփել»: Չկա ոչ մի գաղտնիք և ոչ մի ակնարկ աստվածային «օժտվածության» վերաբերյալ: Երբ Բախին են հարցրել, թե ինչպես է նա հասել իր վիրտուոզ վարպետությանը, նա պատասխանել է շատ հստակ՝ «դուք էլ կարող եք հասնել, եթե ամեն օր բարեխղճորեն պարապեք, և այդ դեպքում դուք էլ, ինձ նման, ճիշտ ժամանակին ճիշտ ստեղներն եք սեղմելու»: Իհարկե, կա բնական օժտվածության այս կամ այն աստիճան, բայց իրապես օժտված մարդիկ շեշտում են, որ առաջին տեղում սովորելու ցանկությունն ու ձգտումն է: Կան հազարավոր բաներ, որոնք ես այս տարիքում չեմ կարող սովորել, բայց կան միլիոնավոր ունակություններ, որոնք ես կարող եմ սովորել, և այդ ունակությունների կեսի մասին ես մոլորության մեջ եմ, թե դրանք սովորելն իմ ուժերից վեր է: Բայց ամենավտանգավոր մոլորությունն այն է, թե իբր սովորելով ոչ մի բանի չես հասնի, որ ամեն ինչ ծանոթով է և փողով: Այդ նախապաշարումը կար նաև խորհրդային շրջանում՝ «այ տես, դու գլուխդ ցավացրել ես, գիտաշխատող ես դարձել: Իսկ նայիր էս պահեստապետին, հազիվ տառերն է ճանաչում, բայց ըստ պահանջարկի ապրում է»: Հիմա նույն «օրինակելի պերսոնաժներն են» օլիգարխները: (Ի դեպ, ինձ թվում է, նրանք ավելի լավն են, քան պահեստապետները, քանի որ վերջիններս պարզապես գողանում էին իրենց «վստահված» պահեստից, իսկ օլիգարխներն, այնուամենայնիվ, մի փոքր ուղեղները շարժում են՝ հարստանալու համար): Բայց այդ խորհրդային և հետխորհրդային առասպելաբանության կողքին կա իրական կյանք, որտեղ դուք հանդիպում եք բազմաթիվ կրթված մարդկանց, որոնք հենց այսօրվա Հայաստանում հաջողության են հասել (ասենք, IT ոլորտում) և ապրում են միանգամայն բարեկեցիկ կյանքով: Մենք գիտենք Եվրոպայում բազմաթիվ կրթական հաստատություններ, որտեղ սովորում էին և սովորում են միանգամայն «սովորական» ընտանիքների զավակներ: Այնպես որ, սիրելի երիտասարդներ և ոչ այնքան երիտասարդներ, մի՛ հավատացեք հեքիաթներին, սովորեք ամեն օր և ցանկացած հնարավորության դեպքում: 21-րդ դարում ամենաթանկ ապրանքը գիտելիքն է»: [b]Ամբողջությամբ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր