211652_close_icon
views-count28228 դիտում article-date 16:30 18-08-2017

Խորովածի միջազգային 9-րդ փառատոնը մեծ հետաքրքրություն է առաջացրել

«Այս տարի աննախադեպ հետաքրքրություն է առաջացել խորովածի փառատոնի նկատմամբ: Սպասվում են մեծ թվով այցելուներ»,- այսօր ասուլիսում ասել է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն անդրադառնալով Խորովածի միջազգային 9-րդ փառատոնի նախապատրաստական միջոցառումներին և արձագանքներին: Փառատոնի կազմակերպիչները նշել են, որ այն Հայաստանի եզակի միջոցառումներից է, որի համար հատուկ տուրփաթեթներ են վաճառվում ՌԴ-ում, Վրաստանում, Բելառուսում, Ուկրաինայում և այլուր: Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը ևս հաստատեց այն փաստը, որ շատ զբոսաշրջիկներ Հայաստան են գալիս հատուկ այս փառատոնին մասնակցելու համար: Խորովածի փառատոնի գեղարվեստական բաժնի կազմակերպիչ Անդրե Սիմոնյանի խոսքով՝ ամեն տարվա պես այս տարի ևս մեծ շեշտ կլինի մշակութային բաժնի վրա, որն այս անգամ բաղկացած է լինելու երկու հատվածից: Առաջին հատվածում կներկայացվի ժամանակակից երաժշտություն՝ ելույթ կունենա «Adana project» երաժշտական խումբը: Երկրորդ հատվածում ելույթ կունենան ժողովրդական երգիչ, երգչուհիներ՝ Լեյլա Սարիբեկյանը, Դավիթ Ամալյանը, Արսեն Գրիգորյանը և այլք: «Քանի որ փառատոնն արդեն միջազգային ուշադրություն է գրավում, մենք ընդգրկել ենք նաև այլ երկրներից երաժիշտների: Ելույթ կունենա հատուկ հյուր պոլսահայ երգչուհի Սիբիլը»,- նշել է Անդրե Սիմոնյանը: Փառատոնը տեղի է ունենալու օգոստոսի 20-ին Լոռու մարզի Ախթալա քաղաքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ և Ախթալա միջնադարյան ամրոցի տարածքում:

Նմանատիպ նյութեր