211652_close_icon
views-count3647 դիտում article-date 20:30 17-08-2017

Նշվել է Հայաստանի ազգային օրը AstanaEXPO-2017 ցուցահանդեսում . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օգոստոսի 16-ին, AstanaEXPO-2017 ցուցահանդեսում նշվել է Հայաստանի ազգային օրը: Հայկական տաղավարը և Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառումները մեծ հետաքրքրություն են առաջացրել այցելուների շրջանակում: Հայաստանի ազգային օրվա նվիրված միջոցառումներին մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը և Հայկական տաղավարի հանձնակատարի տեղակալ Էրիկ Գրիգորյանը: Միջոցառմանը ներկա են եղել ղազախական մշակույթի գործիչներ, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ և բարձրաստիճան պետական պաշտոնյաներ: Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման փոխնախարար Երլան Խայիրովը Հայաստանի ազգային օրվա շրջանակներում տեղի ունեցած միջոցառմանը հանդես գալով ողջույնի խոսքով նշել է` «Մենք հիանում ենք Հայաստանի գրական և գեղարվեստական ժառանգությունով: Սիրում ենք հայկական խոհանոցը, մեզ նաև մոտ է հայկական հումորը. հատուկ հիշատակման է արժանի հայկական երաժշտական գործիքը՝ դուդուկը, որը հիացնում է իր ձայնով: Մեր երկրների միջև գործող առանց վիզայի ռեժիմը, ինչպես նաև Ղազախստանի քաղաքների և ձեր մայրաքաղաքի միջև իրականացվող ուղիղ չվերթները թույլ են տալիս քաղաքացիններին ավելի մոտիկից ծանոթանալ մեր երկրների մշակույթների հետ: Ապագայի էներգիայի թեման շատ ակտուալ է ցանկացած երկրի համար: Միջազգային AstanaEXPO-2017 ցուցահանդեսի հարթակը հանդիսանում է ունիկալ հնարավորություն էներգետիկայի բնագավառում նորարար լուծումների ներկայացման և այլընտրանքային էներգետիկայի հնարավորությունների ուսումնասիրման ու կիրառման համար: Եվ ես ուրախ եմ նշելու, որ Ղազախստանի համար, ինչպես նաև Հայաստանի համար այլընտրանքային էներգետիկան կարևոր ուղղություն է երկրի զարգացման համար»,-ավելացրել է նա: Հայաստանը ակտիվորեն ներգրավված է այլընտրանքային էներգետիկայի հնարավորությունների ուսումնասիրման ու կիրառման գործում և որպես առավել հեռանկարային ուղղություններ, դիտարկում է արևային էներգետիկան, հիդրոէներգետիկան և գեոթերմալ էներգետիկան: Աստանա 2017 ցուցահանդեսում Հայաստանը ներկայանում է արևային էներգիայի զարգացման տեխնոլոգիայով: Հայաստանը ցուցահանդեսին ներկայացել է նաև որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը միջոցառման ընթացքում հանդես գալով ելույթով շեշտը դրել է երկրի զբոսաշրջային գրավչության վրա: «Ներկա պահին Հայաստանի և Ղազախստանի միջև զբոսաշրջության բնագավառում փոխգործակցությունն առավել անհրաժեշտ է դառնում: Համագործակցությունը նոր ձևեր է ստանում և անցում է կատարում դեպի նոր, տրանսսահմանային և միջտարածաշրջանային շուկաներ: Զբոսաշրջությունը հանդիսանում է երկրի, ազգի մշակույթի և ավանդույթների հետ ծանոթանալու լավագույն միջոցը և հիմք է հանդիսանում մատաղ սերնդին մարդասիրության ոգով կրթելու համար: Հայաստանն ունի մեծ ներուժ զբոսաշրջության զարգացման համար. հյուրընկալություն, հարմարավետություն, անվտանգություն, պատմամշակութային արժեքներ - սրանք են Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնաքարերը»,-նշել է նա: Զ.Զեյթունցյանը նաև առաջարկել է զարգացնել համատեղ զբոսաշրջային ուղղությունները` նշելով, որ տրանսսահմանային զբոսաշրջային ուղղությունների ձևավորումը հնարավորություն կտա նոր աստիճանի բարձրացնել համագործակցությունը Հայաստանի և Ղազախստանի միջև: «Մեր երկրներն ունեն համագործակցության չօգտագործված հնարավորությունների մեծ ներուժ, իսկ մասնակցությունը AstanaEXPO-2017 ցուցահանդեսին լավ հնարավորություն է նոր կապերի ստեղծման առումով»,-ավելացրել է նա: Ազգային օրվա շրջանակներում Հայաստանի տաղավարում ներկայացվել են Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մասին ֆիլմի շնորհանդես, Հայաստանի մասին պատմող գովազդային տեսահոլովակներ, էքսկուրսիոն ծրագրեր, այցելուներին տրամադրվել են տեղեկատվական բնույթի նյութեր, ինչպես նաև hանձնվել նվերներ` «Պատրաստված է Հայաստանում»։ Տաղավարում հնչել է նաև հայկական երաժշտություն` «MiqayelVoskanyan & Friendsband» համույթի կատարմամբ: Հյուրերը հնարավորություն են ունեցել նաև համտեսելու հայկական կոնյակ և գինի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր