211652_close_icon
views-count7699 դիտում article-date 19:30 17-08-2017

Աքշեհիրում վերակառուցվելու է հայկական Սբ. Երրորդություն եկեղեցին, քահանաների կացարանը և հայկական բաղնիքը

Թուրքիայում սկսվել են Քոնիա նահանգի Աքշեհիր քաղաքում գտնվող հասկական Սբ. Երրորդություն եկեղեցու վերակառուցման աշխատանքները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ակոս» պարբերականը: Եկեղեցին վերակառուցվելու է Աքշեհիրի քաղաքապետարանի և Թուրքիայի զարգացման նախարարության համատեղ ծրագրի շրջանակներում: Աքշեհիրի քաղաքապետարանը պատրաստվում է վերակառուցումից հետո եկեղեցին կիրառել որպես մշակութային կենտրոն: Եկեղեցու վերակառուցման ծրագիրը հաստատելու համար նախորդ շաբաթ եկեղեցու դիմաց տեղի է ունեցել ծրագրի ստորագրման արարողությունը: Ստորագրման արարողության ժամանակ խոսել է Աքշեհիրի քաղաքապետ Սալիհ Աքքայան, ով տեղեկացրել է, որ վերակառուցվելու է նաև եկեղեցու մաս կազմող քահանաների բնակության համար նախատեսված շինությունը, որը օգտագործվելու է, որպես հյուրանոց: Աքշեհիրի քաղաքապետը հայտնել է, որ ծրագրվում է վերանորոգել նաև քաղաքի հայկական բաղնիքը: Քաղաքապետը նշել է, որ եկեղեցու և այլ շինությունների վերակառուցումը նպատակ ունի Աքշեհիրում ակտիվացնելու զբոսաշրջությունը: «Կարծում եմ, որ այս եկեղեցին բոլորին ցույց կտա, թե ինչ մշակութային հարստություն ունի Աքշեհիրը»,- հավելել է քաղաքապետը: Քոնիա նահանգի Աքշեհիր քաղաքում 1915թ. Հայոց ցեղասպանությունից առաջ բնակվել է 4 հազար 950 հայ: Սբ. Երրորդություն եկեղեցուց բացի Աքշեհիրում գործել է հայկական 4 կրթօջախ:

Նմանատիպ նյութեր