211652_close_icon
views-count5104 դիտում article-date 12:17 17-08-2017

Գյուղնախարար Իգնատի Առաքելյանն աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում` առկա խնդիրներին ծանոթանալու և ոլորտի զարգացմանն ուղղված նոր ծրագրերը ներկայացնելու նպատակով: Մարզպետ Կարեն Բոթոյանի ուղեկցությամբ նախարարը նախ այցելել է Շորժա համայնքի ծիրանի այգի: Այգու համասեփականատեր Սուլիկո Շուշանյանը տեղեկացրել է, որ այգին, որում աճեցվում են հայկական ավանդական ծիրանի սորտեր, հիմնվել է 2016 թվականին՝ 10 հեկտարի վրա, երրորդ տարում սպասում են ստանալ բերքի որոշակի քանակ, իսկ հինգերորդ տարում ակնկալում են լիարժեք բերք: Նշելով, որ այգու ոռոգումն իրականացվում է կաթիլային համակարգի միջոցով` Սուլիկո Շուշանյանն ընդգծել է, որ այն կատարյալ է և չափազանց արդյունավետ: Նա տեղեկացրել է նաև, որ այգում ընթացիկ աշխատանքների իրականացման համար գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում ձեռք է բերվել մի քանի միավոր տեխնիկա` միաժամանակ ընդգծելով, որ նման ծրագրի նախաձեռնումը շատ կարևոր է և անհրաժեշտ: Շրջելով Շորժայի ծիրանի այգում` նախարարը հույս է հայտնել, որ այն տարածաշրջանի մյուս այգեգործների համար ազդակ կհանդիսանա, որպեսզի հիմնեն նմանատիպ այլ այգիներ, քանի որ առկա են բոլոր նախադրյալները որակյալ բերք ստանալու և դրանով իսկ մեծ եկամտաբերություն ապահովելու համար: Այնուհետև Իգնատի Առաքելյանն ուղևորվել է Մեծ Մասրիկ համայնք, հանդիպել տեղի բնակիչների հետ, լսել նրանց հուզող հարցերը: Այցի ընթացքում նախարար Իգնատի Առաքելյանը եղել է նաև Վարդենիկ համայնքի «Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկությունում: Կազմակերպության հիմնադիր Արտուշ Խաչատրյանի տեղեկացմամբ` ձեռնարկությունը ստեղծվել է 2016 թվականի մայիսին և «Համայնքների զարգացումը սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» ծրագրի շրջանակում խրախուսում է տարբեր բանջարատեսակների և խոտաբույսերի հավաքումը, չորացումն ու սառեցումը: Նրա խոսքով` իրացման հետ կապված խնդիրներ չկան. արտադրանքի մի մասն իրացվում է տեղական շուկայում, մնացածն արտահանվում է: Հաջորդ տարվանից նախատեսվում է հարևան տարածաշրջաններից մթերել այլ մշակաբույսեր, ընդլայնել տարածքները, ձեռք բերել նոր սառցարան և չորանոց: Նշել է նաև, որ ձեռնարկությունը հետաքրքրված է նաև Գյուղատնտեսության նախարարության մշակած սուբսիդավորվող մատչելի վարկերի ծրագրով, որով նախատեսվում է գյուղացիական տնտեսություններին տրամադրել 3-10 մլն դրամ՝ 5% տոկոսադրույքով, 5 տարի մարման ժամկետով: Ձեռնարկության առավել հաջողված նախաձեռնությունների շարքում Արտուշ Խաչատրյանը մատնանշել է մասնավորապես բրոկկոլիի մշակումը և տեղեկացրել, որ 2018 թվականին նախատեսվում է մշակել նաև բրյուսելյան կաղամբ, որը հանրապետությունում ունի մեծ պահանջարկ: Վարդենիկ համայնքում ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է համայնքապետերին, որի ընթացքում ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող նոր ծրագրերն ու նախաձեռնությունները: Իր ելույթում նախարարը կարևորել է մարզերի համար զարգացման տեսլականի մշակումը, ինչը թույլ կտա ծրագրեր իրականացնել` ելնելով յուրաքանչյուր մարզի առաջնահերթություններից և առանձնահատկություններից: Իգնատի Առաքելյանը շեշտել է նաև խորհրդատվական համակարգի հզորացման և ոլորտի մասնագետների վերապատրաստման անհրաժեշտությունը: Իր հերթին մարզպետ Կարեն Բոթոյանը տեղեկացրել է, որ Գեղարքունիքում հացահատիկի բերքահավաքը մոտենում է ավարտին, իսկ կարտոֆիլի բերքահավաքը կմեկնարկի մոտ մեկ ամսից: Նա նշել է, որ հետագայում նախատեսվում է Շորժայի այգիների օրինակով նմանատիպ այգիներ հիմնել նաև Վարդենիսի տարածաշրջանում, իսկ Մարտունիում` սկսել բրոկկոլիի մշակություն: Ըստ նրա` մարզի համայնքներում մեծ հետաքրքրություն են առաջացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարության նոր ծրագրերը, մասնավորապես՝ մատչելի տոկոսադրույքով գյուղտեխնիկայի ձեռքբերման հնարավորությունը: Ամփոփելով այցի արդյունքները` Իգնատի Առաքելյանը նշել է, որ թեև մարզում հիմնականում զբաղվում են հացահատիկի և կարտոֆիլի մշակությամբ, սակայն բնակլիմայական նպաստավոր պայմաններ կան նաև այգեգործության զարգացման համար: Անդրադառնալով աշնանը գյուղացիներին սերմով ապահովելու հարցին՝ նախարարը տեղեկացրել է, որ ընթացիկ տարում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը չի նախատեսում սերմ ներմուծել այն պարագայում, եթե տեղական սերմարտադրողներն ապահովեն ներքին պահանջարկը: «Մենք նախատեսում ենք ոլորտի զարգացման համար դադարեցնել սերմերի ներկրումը հանրապետություն` հնարավորություն տալով, որպեսզի տեղի սերմարտադրողներն իրացնեն իրենց արտադրանքը: Հայաստանում գործող սերմարտադրողների հետ հանդիպումների ժամանակ նրանք նշել են, որ պատրաստ են գյուղացիական տնտեսություններին ապահովել տեղական արտադրության սերմերով, և եթե պահանջարկն ավելին լինի, քան իրենց առաջարկն է, ապա միայն այդ դեպքում կկազմակերպվի սերմերի որոշ խմբաքանակի ներկրում»,-նշել է նախարարը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր