211652_close_icon
views-count18930 դիտում article-date 10:59 16-08-2017

«Ուսանողական ամառ 2017»-ը հյուրընկալել է Էդուարդ Շարմազանովին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

«Ուսանողական ամառ 2017» մարզամշակութային փառատոնի շրջանակներում Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանային համալիրում օգոստոսի 15-ին, հյուրընկալվեց ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Փառատոնի մասնակից 6 ջոկատները հանդիսավոր շարասյունով դիմավորեցին պատվավոր հյուրին, ով Ուսանողական խորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանի ուցեկցությամբ շրջեց մարզաառողջարանի տարածքում՝ զրուցելով ճամբարականների հետ և ծանոթանալով նրանց առօրյային։ Ազգային Ժողովի փոխնախագահը ներկա գտնվեց վոլեյբոլի առաջնության հերթական հանդիպմանը, որը ստացավ անսպասելի ընթացք. հյուրերը ցանկություն հայտնեցին թիմ կազմել և փորձել ուժերը երիտասարդ սերնդի հետ: Թեժ պայքարի արդյունքում ավագ սերունդը հաղթանակ տոնեց ճամբարականների նկատմամբ: ԱԺ փոխնախագահը եղավ նաև հրաձգարանում, փորձեց կրակելու իր հմտությունը` արժևորելով Հայաստանի և Արցախի աշխարհաքաղաքական մերօրյա պայմաններում զենքին տիրապետելու կարևորությունը, ապա ընթրեց ճամբարականների հետ միասին։ Զրույցում Էդուարդ Շարմազանովը նշեց. «Մեր հայրենիքի ոչ միայն ապագան, այլ նաև ներկան է մեր երիտասարդ սերունդը, և հետևաբար շատ կարևոր է կրթել ու դաստիարակել երիտասարդներին որպես հասարակության լիարժեք անդամներ, ինչը հնարավոր է դառնում այսպիսի հանդիպումների միջոցով, որոնց ընթացքում ոչ պաշտոնական, մտերմիկ զրույցներով ավագ սերունդը իր փորձն ու գիտելիքներն է փոխանցում երիտասարդ սերնդին: Այս ամենը հաշվի առնելով է, որ բարձր եմ գնահատում Տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհրդի գործունեությունն առհասարակ և կոչ եմ անում մեր ուսանողությանը. վայելեք այն ինչ ունեք՝ հենց հիմա և հենց այստեղ: Դուք ազատ Հայաստանի անկախության սերունդն եք, և դա է ձեր ամենամեծ պարգևն ու ձեռքբերումը»: Երեկոն ավարտվեց տոնական խարույկի շուրջ՝ կիթառի հնչյունների նվագակցությամբ, որտեղ ստեղծված ջերմ մթնոլորտում ուսանողները հնարավորություն ունեցան անձամբ ԱԺ փոխնախագահից ստանալու իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները։ Հավելոնք, որ «Ուսանողական ամառ 2017» մարզամշակութային փառատոնը կազմակերպել են ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդը և Հայասատանի երիտասարդական հիմնադրամը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր