211652_close_icon
views-count22864 դիտում article-date 15:44 15-08-2017

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել հրդեհների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի վերաբերյալ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում օգոստոսի 12-ին բռնկված խոշոր հրդեհի հրդեհաշիջման ընթացքի, ինչպես նաև հանրապետության ամբողջ տարածքում տևական ջերմային բարձր ֆոնի և տեղումների բացակայության պայմաններում անտառամերձ ու անտառային գոտիներում առաջացած հրդեհավտանգ իրավիճակի պատշաճ վերահսկողության, կանխարգելիչ աշխատանքների իրականացման, առաջացած հրդեհների պատճառների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների, բնությանը և գյուղացիական տնտեսություններին հասցված վնասի ուսումնասիրման, դրա վերականգնման հնարավորությունների վերաբերյալ: Քննարկվել է նաև ստեղծված իրավիճակում նոր միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը: Խորհրդակցությանը մասնակցել են Նախագահի աշխատակազմի ղեկավարը, գլխավոր դատախազը, արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության, բնապահպանության նախարարները, Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության ղեկավարը, արտաքին գործերի, տարածքային կառավարման և զարգացման նախարարների տեղակալներ, Նախագահի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ: Հանրապետության Նախագահին զեկուցվել է նաև հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ի հայտ եկած դժվարությունների ու առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ օրեր առաջ Նախագահի կողմից օպերատիվ կարգով տրված հանձնարարականների համաձայն ձեռնարկվող միջոցների վերաբերյալ: Ոլորտների պատասխանատուները զեկուցել են, որ ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցները, և այս պահին եղած հնարավորությունները բավարար են պետական արգելոցի տարածքում առաջացած խնդիրը լուծելու համար, հրդեհավտանգ բոլոր հատվածներում իրականացվում է ամենօրյա ուժեղացված հսկողություն: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց և կառույցներին, ովքեր այս ամբողջ ընթացքում պայքարել են հրդեհների դեմ: Նախագահը հատուկ շնորհակալություն է հայտնել նաև ՌԴ գործընկերներին, ովքեր օպերատիվ արձագանքելով հայ գործընկերների աջակցության խնդրանքին, այժմ ակտիվորեն ներգրավված են հրդեհաշիջման կարևոր աշխատանքներում: Խորհրդակցության արդյունքներով Հանրապետության Նախագահը հանձնարարել է շարունակել իրավիճակը պահել խիստ հսկողության տակ և պարբերաբար զեկուցել հրդեհաշիջման աշխատանքների ընթացքի վերաբերյալ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր