211652_close_icon
views-count4379 դիտում article-date 16:21 14-08-2017

Հայաստանում է Իրաքի կապի նախարարության պատվիրակությունը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանն օգոստոսի 14-ին ընդունեց Իրաքի Հանրապետության կապի նախարարության պատվիրակությանը` կապի և ենթակառուցվածքների պետական ընկերության (ITPC) գլխավոր տնօրենի պաշտոնակատար Նադիմ Լաֆթա Խաջուր Ալ-էլայաուվիի գլխավորությամբ: Բորիս Դեմիրխանյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրեց այն ոլորտներն ու ուղղությունները, որոնց շուրջ քննարկումներ ու հանդիպումներ կլինեն պատվիրակության` Հայաստանում գտնվելու 3 օրերի ընթացքում: Նախարարության առաջարկությամբ` այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի բուհերի ու գիտահետազոտական մի քանի ինստիտուտների, հեռահաղորդակցության խոշոր օպերատորների և ՏՏ ոլորտի ընկերությունների հետ: Հանդիպման ընթացքում ծավալուն անդրադարձ կատարվեց հեռահաղորդակցության ոլորտին։ Նախարարի տեղակալը ներկայացրեց Հայաստանի տարածքում ինտերնետ ցանցի հասանելիության ցուցանիշները, օպերատորների աշխատանքը, ներդրվող նոր տեխնոլոգիաները: Նադիմ Լաֆթա Խաջուր Ալ-էլայաուվին ընդգծեց, որ պատվիրակության այցի նպատակը հենց այս ոլորտում համագործակցության եզրեր գտնելն ու Հայաստանում կայացած ենթակառուցվածքների վերաբերյալ փորձի փոխանակումն է: Կողմերը քննարկեցին նաև Տեղեկատվության մշակման ազգային կենտրոն (Data center) ստեղծելու երկու երկրների մոտեցումները: Իրաքյան կողմը հայտնեց, որ նույնպես հետաքրքրված է ազգային Data center-ի կառուցման ծրագրով, և այդ ուղղությամբ նախնական քայլեր արդեն իսկ արվում են: ՀՀՌՑ ներկայացուցիչը կիսվեց Հայաստանի թվային հեռուստատեսության ներդրման փորձով: Հյուրերը հետաքրքրվեցին գործընթացի մանրամասներով` հայտնելով, որ պատրաստվում են իրականացնել թվային հեռուստացանցի կառուցման ծրագիր, և այս ուղղությամբ հնարավոր է համագործակցություն։ Քննարկվեցին նաև արբանյակային ծրագրերի շուրջ գործակցության հնարավորությունները: Քանի որ հնարավոր համագործակցության ուղղությունները բազմաթիվ են, կողմերը նշեցին, որ առաջին այցի արդյունքների ամփոփումից և ընդհանրացումից հետո, կուղենշվեն երկուստեք գործակցության հետագա քայլերը:

Նմանատիպ նյութեր