211652_close_icon
views-count18743 դիտում article-date 12:02 14-08-2017

Խաղողօրհնեք և Մշակութային կանգառ՝ Ջրաշենում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնին Լոռու մարզի Ջրաշեն գյուղում` «Մայրություն» հուշարձանի մոտ, տեղի ունեցավ Խաղողօրհնեքի արարողություն: Սպիտակի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանը, ներկայացնելով օրվա խորհուրդը, ընդգծեց, որ Հայ Եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք և երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ` շեշտելով Աստծո մայր լինելու հանգամանքը, մաքրակենցաղությունը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը: Իսկ հայ կնոջ համար Սբ. Կույսն առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է: Այսօր պատարագից հետո ուրախ եմ, որ գտնվում եմ Ջրաշենում և այստեղ եմ իրականացնելու Խաղողօրհնեքի արարողությունը՝ օրհնելու տարվա ողջ բերքն ու բարիքը: Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանն էլ կարևորելով միջոցառման ավանդական դառնալը՝ նշեց, որ Ջրաշենը մարզի առաջին գյուղն է, որտեղից սկսվում է Լոռու գունեղ ու բազմաժանր մշակութային մթնոլորտը, նման միջոցառումները նպաստում են ինչպես մշակութային կյանքի աշխուժացմանը, այնպես էլ ներգնա զբոսաշրջության զարգացմանը: Միջոցառման նախաձեռնող ջրաշենցի Ատոմ Մխիթարյանն էլ ներկայացնելով «Մայրություն» հուշարձանի խորհուրդը՝ հույս հայտնեց, որ հանձին իր մոր՝ Հրածին Հովհաննիսյանի հիշատակին ստեղծված այս հուշարձանը, որը բնորոշում է բոլոր մայրերի ազնիվ ու անաղարտ կերպարը, գյուղացիների համախմբման, համատեղ հետաքրքիր միջոցառումների կազմակերպման վայր կդառնա: «ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում այսօր մեր գյուղում կանգ է առել Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնի գուսանական համույթը: Եվ ես շատ ուրախ եմ, որ հանրապետական այս մեծ միջոցառման մի օղակ էլ դարձավ Ջրաշենը», -նշեց Բարձրագույն որակավորման հանձնաժողովի փոխնախագահ, ֆ.մ.գ.թ. Ատոմ Մխիթարյանը: «Մայրություն» հուշարձանի հեղինակը Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դոցենտ, քանդակագործ Էմին Պետրոսյանն է: Շուրջ երկու մետր բարձրությամբ, տրավերտինից ու բազալտից քանդակված հուշարձանը տեղադրված է գյուղի կենտրոնում՝ երկրաշարժից ավերված դպրոցի տեղում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր