211652_close_icon
views-count19319 դիտում article-date 22:15 11-08-2017

Հայ և վրացի երիտասարդ կոմպոզիտորներն ու կատարողները կհանդիպեն Դիլիջանի Է. Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տանը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միությունը` ս. թ. օգոստոսի 15-26-ը, Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տանը կանցկացնի հայ և վրացի երիտասարդ կոմպոզիտորների և կատարողների երաժշտական ճամբար: Միջոցառումն անցկացվում է հայ-վրացական մշակութային համագործակցության շրջանակներում: Երաժշտական ճամբարի նպատակն է ստեղծել մեկ միասնական հարթակ՝ երկու երկրների երիտասարդ արվեստագետների միջև փորձի փոխանակման, մշակութային կապերի ամրապնդման, ինչպես նաև հետագա համատեղ նախագծերի մշակման համար: Երաժշտական Հայաստանից և Վրաստանից կմասնակցեն 40 կոմպոզիտորներ և կատարողներ: 12 օրերի ընթացքում մանսակիցների համար կկազմակերպվեն հանդիպումներ և վարպետության դասեր` հայաստանաբնակ և սփյուռքում ապրող անվանի հայ կոմպոզիտորների, կատարողների, արվեստի և մշակույթի վաստակավոր գործիչների հետ: Նախագծի շրջանակում տեղի կունենա նաև հանդիպում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ: Հայ և վրացի արվեստագետների համար կկազմակերպվի էքսկուրսիա դեպի Հաղարծին և Գոշավանք, իսկ ճամբարի ավարտից հետո՝ այցելություն Երևանի թանգարաններ: Ճամբարը կեզրափակվի 12-օրյա աշխատանքի ամփոփմամբ և գալա համերգով, որը տեղի կունենա Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տան Բեթհովենի անվան դահլիճում: Մեծ խարույկը կազդարարի ճամբարի ավարտը:

Նմանատիպ նյութեր