211652_close_icon
views-count9469 դիտում article-date 13:52 09-08-2017

Մայրաքաղաքի պատմամշակութային արժեք ներկայացնող 60 շենքեր կունենան գովազդային անձնագրեր

Երևանի քաղաքապետարանում հրավիրված հանդիպում-քննարկմանը մայրաքաղաքի պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերում գործունեություն ծավալող տնտեսվարողներին ներկայացվել են Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված գովազդային անձնագրերը: Քննարկմանը մասնակցել են ծրագրում ներառված 60 շենքերից մասնավորապես Աբովյան, Թումանյան, Զաքյան փողոցների այդ կարգի շենքերի տնտեսվարողները: Հանդիպումը վարող Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ընդգծելով ծրագրի կարևորությունը, հատկանշել է, որ մայրաքաղաքի արտաքին տեսքի բարելավման այս խոշոր ծրագրի իրագործման շնորհիվ շենքերի վրա գովազդների տեղադրումը կլինի կանոնակարգված՝ գովազդային անձնագրերին համապատասխան: «Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ գովազդային դաշտի արդիականացման աշխատանքները մենք սկսեցինք դեռ մի քանի տարի առաջ, երբ փոքր կենտրոնից ապամոնտաժվեցին գովազդային մեծ վահանակները՝ դրանք փոխարինելով առավել փոքր տարբերակներով: Այդուհետ շարունակել ենք մայրաքաղաքի գովազդային դաշտի կանոնակարգման աշխատանքները՝ հաշվի առնելով, որ գովազդը քաղաքի արտաքին տեսքի անբաժանելի մասնիկն է ու մեր խնդիրն է այն դարձնել Երևանի ընդհանուր ձևավորմանն ու ոճին առավել համահունչ: Եվ այդ համատեքստում այժմ մշակել ենք պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի վրա գովազդների տեղադրման գովազդային անձնագրեր, ինչն ավելի ներկայանալի կդարձնի քաղաքն ինչպես մեր համաքաղաքացիների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի համար: Վստահ եմ, որ այս մոտեցումը կդառնա օրինակելի ու հետագայում նույն սկզբունքը կտարածվի նաև մայրաքաղաքի մյուս շենքերի վրա», - նշել է Դավիթ Օհանյանը: Գովազդային անձնագրերում ներառված են առանձին՝ յուրաքանչյուր շենքի համար գովազդի տեղադրման թույլատրելի վայրերը, գովազդի չափը, տեսակը, պատրաստման նյութերը, ինչի շնորհիվ արտաքին գովազդն իր տեսքով, կառուցվածքով և տեղադիրով չի խաթարի շենքի ճարտարապետական ամբողջական տեսքն ու ընկալումը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանն էլ տեղեկացրել է, որ պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի գովազդային անձնագրերը կազմելիս Երևանի քաղաքապետարանի մասնագետները համագործակցել են ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության մասնագետների հետ: «Տնտեսվարողները շենքի գովազդային անձնագրին կարող են ծանոթանալ www.yerevangovazd.am կայքի միջոցով, որտեղ մանրամասն նշված են յուրաքանչյուր շենքի համար գովազդների թույլատրելի ձևերը: Պատրաստ ենք լսելու նաև ձեր առաջարկները, որոնք կբխեն Երևանի գովազդային հայեցակարգից և հաշվի կառնեն շենքերի ճարտարապետական առանձնահատկությունները», - նշել է Արազ Բաղդասարյանը՝ հավելելով, որ բոլոր առաջարկները էսքիզային վիճակով մինչև ս.թ. օգոստոսի 20-ը պետք է ուղարկել [email protected] հասցեով, որից հետո լրացուցիչ անդրադարձ կլինի դրանցից յուրաքանչյուրին: Քննարկմանը մասնակից ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանն ընդգծել է ծրագրի կարևորությունը մայրաքաղաքի ճարտարապետական տեսքի պահպանման և ամբողջական ընկալման հարցում: Հանդիպման ժամանակ տնտեսվարողները տվել են իրենց հուզող հարցերը և ստացել մանրամասն պարզաբանումներ: Քննարկումները կշարունակվեն մինչև օգոստոսի 20-ը՝ ներառելով պատմամշակութային արժեք ներկայացնող 60 շենքերը, որից հետո տնտեսվարողներին կտրվի 20-օրյա ժամկետ՝ գովազդները անձնագրերի պահանջներին համապատասխանեցնելու համար:

Նմանատիպ նյութեր