211652_close_icon
views-count32130 դիտում article-date 15:36 08-08-2017

Կոկսակի վիրուսը «շրջում է». ՀՀ Առողջապահության նախարարության հորդորը՝ Թուրքիա հանգստի մեկնողներին

Հարևան երկրներում, մասնավորապես՝ Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում շարունակվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված (Կոկսակի վիրուս) համաճարակային լարված իրավիճակը: Էնտերովիրուսներով պայմանավորված աշխուժացում դիտվել է նաև Հայաստանում, սակայն ժամանակին ձեռնարկված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների արդյունքում այսօր իրավիճակը կայուն է, արձանագրվում են միայն եզակի դեպքեր: Էնտերովիրուսային վարակներն արտահայտվում են մրսածության և աղեստամոքսային ախտանշաններով: Տարիքային և սեզոնային ընդգծված օրինաչափություն չկա` հիվանդանում են տարվա բոլոր եղանակներին, առավելապես՝ ամառ-աշուն ամիսներին: Էնտերովիրուսներն առանձնահատկ են նաև տարածման մեխանիզմի բազմազանությամբ: Դրանք փոխանցվում են բերանա-կղանքային (ջրային, սննդային և կենցաղ-կոնտակտային), օդակաթիլային մեխանիզմներով և փոշու միջոցով: Էնտերովիրուսային վարակներին բնորոշ է բարձր վարակելիությունը: Յուրաքանչյուր առողջ մարդ կարող է վարակվել հիվանդ մարդու կամ նրա կողմից օգտագործված իրերի, առարկաների կամ մակերեսների հետ սերտ շփման արդյունքում: Վարակի աղբյուրը հիվանդ կամ վարակակիր մարդն է: Գաղտնի շրջանը 1-ից 10 օր է: Առավել մեծ ռիսկի խմբում են նորածինները, վաղ հասակի երեխաները և դեռահասները: Սա բացատրվում է իմունիտետի բացակայությամբ` նախկինում էնտերովիրուսների ազդեցությանը չենթարկվածության պատճառով: Էնտերովիրուսային վարակներով չհիվանդանալու համար ՀՀ առողջապահության նախարարությունը հանգստի մեկնող անձանց հորդորում է՝ - Խուսափել էնտերովիրուսային վարակներով պայմանավորված անապահով երկրներ մեկնելուց: - Մեկնելու դեպքում՝ Լողալ միայն թույլատրված վայրերում, Հնարավորինս խուսափել աղիքային գանգատներով, ցանավորմամբ հիվանդ անձանց հետ շփումից, Խստորեն պահպանել աղիքային վարակներին բնորոշ կանխարգելիչ միջոցառումները՝ ձեռքերը լվանալ հոսող ջրով, օճառով՝ սնունդ ընդունելուց առաջ և սանհանգույցից օգտվելուց հետո, սննդում օգտագործել միայն լավ լվացված (ցանկալի է հոսող ջրով) բանջարեղեն, մրգեր, պատահական վայրերից սնունդ չգնել, սնունդը պահել փակ տարաներում՝ սառնարանային պայմաններում, Հաճախակի օդափոխել փակ տարածքները, ապահովել մակերեսների խոնավ մաքրում: Հանգստից վերադարձողներին խորհուրդ է տրվում` - Աղիքային երևույթների կամ ցանավորման դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, չզբաղվել ինքնաբուժմամբ: - Աղիքային երևույթների կամ ցանավորման դեպքում չհաճախել կազմակերպ հաստատություններ:

Նմանատիպ նյութեր