211652_close_icon
views-count18801 դիտում article-date 15:38 01-08-2017

Չափազանց զգայուն տարածաշրջանում Իրանն ու Հայաստանը ունեն ընդհանուր նպատակ. Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ իրանական թերթին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանիի երդմնակալության արարողության նպատակով Իրան կատարելիք այցի նախօրեին հարցազրույց է տվել իրանական հեղինակավոր «Շարղ» օրաթերթին: Ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Արմեն Իսրայելյանը գրել է. «Նախագահն անդրադարձել է հայ-իրանական պատմական հարաբերություններին՝ բարձր գնահատելով բարեկամական կապերի ներկայիս մակարդակը, ինչպես նաև նախանշելով երկկողմ համագործակցության հեռանկարը։ Բարձր գնահատելով երկու տարբեր կրոնների հետևորդների՝ քրիստոնյաների և մուսուլմանների բազմադարյա արդյունավետ փոխգործակցությունը՝ հանրապետության ղեկավարը Իրան-Հայաստան հարաբերությունները որակել է որպես օրինակելի և առանձնահատուկ՝ ընդգծելով, որ հայերն ու իրանցիները՝ որպես այս տարածաշրջանի բնիկ ժողովուրդներ, իրենց բարեկամությունը վաստակել են դարերի ընթացքում։ Անդրադառնալով ժամանակակից մարտահրավերներին՝ Նախագահը ընդգծել է, որ չափազանց զգայուն տարածաշրջանում Իրանն ու Հայաստանը ունեն ընդհանուր նպատակ, այն է՝ ջանքեր գործադրել, որպեսզի տարածաշրջանում կայունություն և անվտանգություն հաստատվի։ «Շարղ» օրաթերթը հարցազրույցը վերնագրելիս բավականին ուշագրավ շեշտադրում է կատարել, այն է՝ «Հայաստանը Եվրոպա մուտք գործելու անվտանգ դարպաս է»: Այդ համատեքստում Նախագահ Սարգսյանը, անդրադառնալով իրանական գազը Հայաստանի տարածքով Եվրոպա առաքելու հնարավորությանը, նշել է, որ Հայաստանը խոշոր նախագծերին մասնակցություն ունենալու հարցում իր պատրաստակամությունը հայտնել է, և եթե համապատասխան քննարկումներից հետո շահագրգիռ բոլոր կողմերին ձեռնտու լինի, ապա հնարավոր է դա իրականացնել։ Հարուստ մշակույթ, անվտանգության բարձր մակարդակ և աշխատասեր քաղաքացի, Նախագահի խոսքով սրանք են Հայաստանի մրցակցային առավելությունները, որոնք մեր երկիրն իրանցի գործարարների, զբոսաշրջիկների, ուսանողների համար ներկայացնում են որպես անվտանգ և իրանցիներին բարեկամաբար ընդունող երկիր»,- գրել է Ա.Իսրայելյանը: Նշենք, որ ԻԻՀ նորընտիր նախագահի երդման պաշտոնական արարողությունը կայանալու է օգոստոսի 5-ին: Ավելի վաղ ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնել էին, որ Նախագահը մասնակցելու է ԻԻՀ նորընտիր նախագահի երդման պաշտոնական արարողությանը:

Նմանատիպ նյութեր