211652_close_icon
views-count55432 դիտում article-date 14:33 01-08-2017

Իսրայելում հաստատել են Ալիևի որդու՝ Հեյդարի ծանր հիվանդության մասին տեղեկությունը

Հուլիսի 31-ին իսրայելական «Հաարեց» թերթը տեղեկացրել է, որ մամուլի ասուլիսի ընթացքում Իսրայելի զբոսաշրջության նախարար Լևինը խոսել է Ադրբեջանի նախագահի ընտանիքի կողմից Հայֆայում ձեռք բերված առանձնատան մասին, որի արժեքը 36 միլիոն դոլար է: Իսրայելցի նախարարը նաև ասել է, որ Ալիևների ընտանիքը 600 միլիոն դոլար է ներդրել իսրայելական բորսայում: Նա ասել է, որ նշված գործարքներն իրականացրել է Մեհրիբան Ալիևան: Իսրայելցի նախարարի հայտնած ամենասենսացիոն տեղեկությունը վերաբերում է Ալիևի որդուն` կրտսեր Հեյդար Ալիևին: Ըստ Լևինի, մի քանի ամիս շարունակ նա ապրել է Հայֆայի առանձնատանը և գտնվել իսրայելցի բժիշկների հսկողության տակ, ինչի արդյունքով «լիովին ապաքինվել է իր ծանր հիվանդությունից»: Եթե դա իրականությանը համապատասխանում է, ապա պետք է ընդունել, որ խոսքը շատ լուրջ հիվանդության մասին է: Իսրայելը, մասնավորապես, հայտնի է ուռուցքաբանական կենտրոններով: Ժամանակային առումով դա համընկնում է առաջին փոխնախագահի պաշտոնում Մեհրիբան Ալիևայի նշանակման հետ: Այսպիսով, կարելի է ենթադրել, որ Իլհամ Ալիևը կնոջը պետական պաշտոն է տվել, երբ հայտնի է դարձել, որ որդին տառապում է ծանր հիվանդությամբ: Ըստ երևույթին, տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, քանի որ անցած ամիսներին կրտսեր Հեյդար Ալիևը չի առաջադրվել Միլլի մեջլիսի պատգամավորության թեկնածու, թեև ադրբեջանական մամուլում տեղեկություն կար, որ Մեհրիբան Ալիևայի փոխարեն նա կդառնա խորհրդարանի պատգամավոր: Այդ նպատակով սահմանադրական փոփոխություններով պատգամավորի տարիքային ցենզը իջեցվել է: Ալիևների ընտանիքի մասին իսրայելցի նախարարի հայտնած տեղեկությունները վկայում են, որ սառնություն է մտել նաև Իսրայել-Ադրբեջան հարաբերություններում: Դա խիստ ուշագրավ է, եթե նկատի ենք ունենում, որ վերջին մի քանի տարիներին Իսրայելը շարունակաբար խորացրել է Ադրբեջանի հետ համագործակցությունը: Իսրայելական մամուլի տեղեկությունների առթիվ հանդես է եկել Ալիևի օգնական Մամեդովը, որը, սակայն, միայն հերքել է, թե կրտսեր Հեյդար Ալիևը մի քանի ամիս ոչ միայն չի ապրել Իսրայելում, այլեւ առհասարակ այդ երկիր չի այցելել: Դիտարժան է, որ իսրայելցի նախարարը Ալիևների մասին խոսել է այն ֆոնին, երբ կոռուպցիոն գործարքների մեջ կասկածանքով երկրի սահմանադրական դատարանի որոշմամբ իշխանությունից հեռացվել է Պակիստանի վարչապետ Շարիֆը, որը Իլհամ Ալիևի քաղաքական հովանավորներից մեկն է համարվում: [b]Վահրամ Աթանեսյան[/b]

Նմանատիպ նյութեր