211652_close_icon
views-count5911 դիտում article-date 16:37 31-07-2017

Հրաչյա Ռոստոմյան. «Թյուր կարծիք է, թե Հայաստանում խաղային մարզաձեւերը զարգացնել հնարավոր չէ»

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանն այսօր ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ գնահատեց բասկետբոլի Եվրոպայի «C» դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի մինչև 16 տարեկան տղաների և աղջիկների մասնակցությունը, խոսեց Հայաստանում խաղային մարզաձևերի զարգացման հնարավորության մասին. «Հայկական բասկետբոլն այս տարի Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցեց հինգ թիմով: Դուք գիտեք, որ մինչև 18 տարեկան աղջիկները նաև արծաթե մեդալ նվաճեցին, իսկ երեկ մեր Մ 16 տղաներն ու աղջիկները դարձան չեմպիոն: Այս ամենը ցույց է տալիս, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք ընթանում: Եթե նայեք վերջին երեք տարիների պատմությունը, կտեսնեք, որ Եվրոպայի առաջնություններում մեր թիմերի և´ քանակն է ավելանում և´ մեդալների: Մեզանում թյուր կարծիք կա, թե մենք ուժեղ ենք միայն մենապայքարային մարզաձևերում, թե մեզ մոտ թիմային պայքարը չի ստացվում, չենք կարողանում համախմբվել: Այս խնդիրը, թե հնարավո՞ր է Հայաստանում խաղային մարզաձևերը զարգացնել և ինչպե՞ս, քննարկել ենք ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Եվ սա ապացույց է, որ հնարավոր է: Դրա համար պետք են իրենց գործին քաջատեղյակ մասնագետներ, որոնք սրտացավ են, և որ ամենակարևորն է, պետք է ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մարզիկի վրա: Դա հեշտ չէ: Մեր ֆեդերացիայի փորձից եմ ասում: Մենք մեծ ու դժվարին ճանապարհ անցանք: Այս երեք տարիների քրտնաջան աշխատանքը մեզ հնարավորություն տվեց նաև առաջին անգամ ազգային հավաքականի մակարդակով մասնակցել աշխարհի առաջնության խմբային փուլին, ինչը բասկետբոլում շատ բարդ է», - ասաց Հրաչյա Ռոստոմյանը:

Նմանատիպ նյութեր