211652_close_icon
views-count12767 դիտում article-date 15:11 31-07-2017

Դեսպան Թումանյանը Իրանի Կենտրոնական նահանգի պատվիրակությանն է ներկայացրել Հայաստանի տնտեսության վիճակը

Հուլիսի 30-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց Իրանի Կենտրոնական նահանգի պատվիրակությանը՝ Սավեի գավառապետ Մոհամմադ Բահարվանդի գլխավորությամբ: Պատվիրակության այցը տեղի ունեցավ դեսպան Թումանյանի՝ ս.թ. հուլիսի 4-ից 5-ը ԻԻՀ Կենտրոնական (Մարքազի) նահանգ կատարած այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն: Պատվիրակության կազմում էին նաև Մարքազիի նահանգապետարանի, Քավե և Ավե արդյունաբերական ավանների ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք ընկերությունների գլխավոր տնօրեններ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին իրանական ընկերությունների՝ Հայաստանում տնտեսական գործունեություն սկսելու հնարավորությունները: Ըստ գավառապետ Մոհամմադ Բահարվանդի՝ այդ ընկերությունները ցանկություն են հայտնել ընդգրկվել նաև ս.թ. օգոստոսին Հայաստան, մասնավորապես՝ Տավուշի մարզ մեկնող պատվիրակության կազմում: Զրուցակիցները քննարկեցին նաև երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք ընդհանուր հարցեր, այդ թվում՝ Հայաստան-Իրան տնտեսական կապերի ամրապնդման, ապրանքաշրջանառության ծավալների մեծացման, Հայաստանում ներդրումներ կատարելու և իրանական ապրանքները Հայաստանի տարածքով ԵԱՏՄ երկրներ փոխադրելու հնարավորությունները: Դեսպան Թումանյանը հանգամանորեն ներկայացրեց Հայաստանի տնտեսության վիճակը, օտարերկրյա ներդրումների համար ստեղծված պայմանները, առևտրային ռեժիմները, ազատ տնտեսական գոտիների առավելությունները, հարկային և մաքսային օրենսդրության որոշ պահանջներ և մի շարք այլ հարցեր: Առանձին անդրադարձ եղավ ԵԱՏՄ շուկա իրանական ապրանքների արտահանման խնդիրներին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց երկկողմ այցերի կազմակերպմամբ բարձրացնել փոխճանաչողության մակարդակը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր