211652_close_icon
views-count12421 դիտում article-date 19:37 29-07-2017

Համալսարանական լարային քառյակի ելույթ Ստեփանակերտում` նախագահի նստավայրի դիմաց

Լարային քառյակի ելույթ` Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում, մարտական զենքի հետ ծանոթացում, այցելություն զորամասեր. արդեն 10-րդ անգամ անցկացվեց «Հայերի հաղթանակի ուղին» ծրագիրը: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ուսանողական խորհրդի համագործակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում ուսանողները հուլիսի 24-28-ը մասնակցեցին արցախյան այցելության: Եղան Դադիվանքում, ծանոթացան վանքային համալիրին և մասնակցեցին պատարագին։ Երեկոյան ժամանեցին Ստեփանակերտ և պատրաստվեցին զորամասեր այցելությանը։ Հուլիսի 25-ին երիտասարդներն այցելեցին Մարտունու 2-րդ պաշտպանական զորամաս, որտեղ ուսանողական խորհրդի մշակութային հանձնաժողովը հանդես եկավ համերգային ծրագրով։ Պարային անսամբլն իր համարներով և Տիգրան Քախվեջյանն իր հարենասիրական կատարումներով ոգևորեցին զինվորներին: Ուսանողները ծանոթացան զինվորական առօրյային, զինվորների հետ միասին ճաշեցին զորամասի ճաշարանում, այնուհետև զորամասին և նորակոչիկներին հանձնեցին նվերներ` անձնական օգտագործման պարագաներ, զորամասին` տնտեսական ապրանքներ: Ուսանողներն այցելեցին նաև Ասկերան, որտեղ ծանոթացան մարտական զենքին, նրա տիրապետման կանոններին և հնարավորություն ունեցան օգտագործել զենքը հատուկ թիրախների վրա։ Հուլիսի 26-ին Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում համալսարանի լարային քառյակը հանդես եկավ համերգային ծրագրով։ Ծրագրին մասնակցեցին բուհի ուսանողներ, Արցախյան ազատամարտի մասնակիցների զավակներ, սփյուռքահայ և արտասահմանցի ուսանողներ, ուսանողական խորհրդի անդամներ և ներկայացուցիչներ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից: Ուսանողական խորհրդի թատերական խմբակը Շուշիի մշակույթի և երիտասարդության տանը արցախցիներին ներկայացրեց Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Ս. Խալաթյանի համանուն պիեսի հիման վրա բեմադրված «Հրադադար» ներկայացումը՝ բեմադրությունը ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Խոսրոևի: Այցելության վերջին օրը տեղի ունեցավ «Արցախյան հերոսներից մերօրյա հերոսներ» խորագրով մեծարման երեկո, որի ընթացքում հանդիսատեսին ներկայացվեց Արցախյան պատերազմի հերոսական դրվագներ, անդրադարձ կատարվեց ապրիլյան քառօրյա պատերազին, մերօրյա հերոսներին, նրանց կատարած սխրանքներին: Ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանը վստահեցրեց, որ այս ծրագրի իրականացմամբ նպատակ ունեն դառնալ կամուրջ զորամաս-հասարակություն կապն ամրապնդելու համար և այդ կապն առավել թափանցիկ դարձնել ու հարաբերություններում ստեղծել առավել մեծ վստահության դաշտ: Նա տեղեկացրեց, որ այս տարի բուհի լարային քառյակն առաջին անգամ է մասնակցում ծրագրին: Դասական երաժշտության համերգ են ունեցել հենց նախագահական նստավայրի դիմաց: Իրենց պատմել են, որ ԱՀ նախագահ Բակո Սահակյանին հետաքրքրել է ծրագիրը, հարցրել է` որ համալսարանն է, այնուհետև շնորհակալական խոսք հղել բուհի ռեկտորին: Խոսելով ծրագրի արդյունավետության մասին` Հովսեփ Հովեյանն ասաց, որ զինվորները բավականին հետաքրքիր ժամանակ են անցկացրել երիտասարդների հետ, իսկ արցախցի հանդիսատեսը ուրախ ու շնորհակալ է եղել թատերական ներկայացման համար, քանի որ ըստ նրանց`«ահագին ժամանակ էր թատրոն չէին գնացել»:

Նմանատիպ նյութեր