211652_close_icon
views-count6967 դիտում article-date 23:05 28-07-2017

Արշակ Հայրապետյան. Բրոնզե մեդալները տղաների հնարավորությունների սահմանը չէ

Այսօր ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանիների հավաքականը վերադարձել է հայրենիք: Արշակ Հայրապետյանի սաները Սարաևոյում ավարտված Եվրոպայի առաջնությունում նվաճել են երեք բրոնզե մեդալ: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում պատանիների հավաքականի ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանն ասաց, որ բրոնզե մեդալները տղաների հնարավորությունների սահմանը չէ: «Ավելի օբյեկտիվ մրցավարության դեպքում կարող էր և ոսկե մեդալ լինել: Հավաքականի անդամների 80%-ն առաջին անգամ էր հանդես գալիս Եվրոպայի առաջնությունում, և ես գոհ եմ արդյունքներից: Տղաները հիմնականում 2001-2002թթ. ծնվածներ են և աճելու տեղ ունեն»,- ասաց մարզիչը: Առաքել Մովսեսյան (46 կգ). «Ես պատրաստ էի ոսկե մեդալ նվաճել, բայց Եվրոպայի չեմպիոն դարձած վրացի ըմբիշի հետ կիսաեզրափակիչ գոտեմարտում պարտվեցի:Կարող էի ավելի լավ ելույթ ունենալ: Սխալներիցս դասեր կքաղեմ, որպեսզի նրան հաղթեմ աշխարհի առաջնությունում»: Գենիկ Ասատրյան (50 կգ). «Առաջին անգամ էի հանդես գալիս պատանիների Եվրոպայի առաջնությունում: Չէի ասի, թե հեշտ էր: Ամենաբարդը քառորդ եզրափակչում ռուսաստանցի ըմբիշի հետ գոտեմարտն էր և ադրբեջանցու հետ երրորդ տեղի համար պայքարը: Անհանգստանում էի, բայց կարողացա հավաքվել և հաղթել ադրբեջանցուն` դառնալով բրոնզե մեդալակիր»: Մարտին Սիմոնյան (100 կգ). «Ցանկանում էի ավելիին հասնել, բայց կիսաեզրափակչի ռուսաստանցի մրցակիցս՝ Եվրոպայի առաջնության նախորդ տարվա արծաթե մեդալակիրն առավել փորձառու էր: Սակայն բրոնզի համար պայքարում հաջողվեց 12:1 հաշվով հաղթել ադրբեջանցուն և զբաղեցնել երրորդ տեղը: Որոշիչ գոտեմարտում ես ոչ թե լարվածություն, այլ մեծ պատասխանատվություն էի զգում»:

Նմանատիպ նյութեր