211652_close_icon
views-count4122 դիտում article-date 20:49 25-07-2017

Լեզվաբանները կոչ են անում պարտաստ լինել հայերենի դեմ մարտահրավերներին

Լեզվաբան Լավրենտի Միրզոյանի գնահատականով՝ Հայաստանում ռուսերենը որպես պետական լեզու ճանաչելու հարցը փակված է, որն իշխանություններն էլ փակեցին: Այսօր հրավիրված ասուլիսին Միրզոյանը նշեց, որ սպասելի էր, որ ռուս գործիչների կողմից կարող է առաջարկ արվել ռուսերենը որպես երկրորդ պետական լեզու ճանաչել ՀՀ-ում և ուստի պատասխանից բացի պետք է պատրաստ լինել այդ մարտահրավերներին: Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Ռուսաստանում աշխատող հայերի հայկական վարորդական իրավունքները ճանաչելու նախապայման էր առաջարկել ՀՀ իշխանություններին՝ ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալ: Լավրենտի Միրզոյանն ընդգծեց, որ այս և լեզվի պահպանության խնդիրները պիտի կարգավորվեն Լեզվի պետական տեսչության միջոցով, բայց արգելված է, որ նա ստուգումներ կազմակերպի պետական մարմիններում, պատճառաբանությունն այն է, թե խոչընդոտում է գործարարությանը: Ասուլիսին ներկա լեզվաբան Արտաշես Մարտիրոսյանն էլ նշեց, որ մտահոգված չէ ռուսաց լեզվի հետ կապված խնդրով, քանի որ այդպիսի հարցադրումն անհեթեթ է համարում: «Սա աբսուրդի ժանրից է, ի՞նչ կապ ունի վարորդական իրավունքի իրավաչափ լինելը ռուսերենի պետական կարգավիճակ ստանալու հետ»,- նշեց նա և ավելացրեց, որ իշխանություններն այս հարցը փակեցին՝ ասելով, որ նման բան չի կարող լինել:

Նմանատիպ նյութեր