211652_close_icon
views-count4332 դիտում article-date 20:33 25-07-2017

Արա Բաբլոյանի այցելել է Գեղարքունիքի մարզ

Հուլիսի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այցելել է Գեղարքունիքի մարզ: Խորհրդարանի ղեկավարին ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը և «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ»-ի տնօրեն Աշոտ Կիրակոսյանը: Այցի շրջանակում Արա Բաբլոյանը եղել է Գավառ քաղաքի Երեխաների զարգացման և վերականգնողական կենտրոնում: Խորհրդարանի ղեկավարը շրջել է կենտրոնով, զրուցել բուժման հատուկ կուրսեր անցնող սահմանափակ ունակություններով երեխաների ծնողների, մասնագետների ու երեխաների հետ: Վերականգնողական կենտրոնում անվճար սպասարկվում են ֆիզիկական, մտավոր, լսողական, լեզվական, հոգեբանական խնդիրներ ունեցող 0-18 տարեկան շուրջ 350 երեխաներ և դեռահասներ մարզի տարբեր համայնքներից: Այնուհետև խորհրդարանի ղեկավարն այցելել է Գավառ քաղաքի թիվ 5 մանկապարտեզ, որտեղ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ, ինչը նախատեսվում է ավարտել 2018թ-ի սեպտեմբերին: Արդիականացված մանկապարտեզում գործելու է 4 խումբ, որոնցից մեկում ընդգրկվելու են սահմանափակ կարողություններով երեխաները. նրանց համար ստեղծվելու են ներառական կրթության համար նախատեսված բոլոր պայմանները: Այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահը եղել է նաև Գավառի մանկատանը, որտեղ ապրում է 58 երեխա: Արա Բաբլոյանը շրջել է մանկատան տարածքով, ծանոթացել պայմաններին և դիտել մանկատան սաների կողմից պատրաստված միջոցառումը: Այցի ավարտին խորհրդարանի նախագահը նաև եղել է Սևանում կառուցվող Բժշկական կենտրոնում, որտեղ նախատեսվում է միավորել հիվանդանոցը և պոլիկլինիկան՝ մեկ բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոնում: Սևանի նորակառույց բժշկական կենտրոնը հագեցած է լինելու ժամանակակից բժշկական սարքավորումներով:

Նմանատիպ նյութեր