211652_close_icon
views-count9263 դիտում article-date 23:57 24-07-2017

Գալուստ Սահակյանն ու Շուշան Սարդարյանը առաջարկում են օրենքով սահմանել «մոլեխաղ» եզրույթը

Կառավարության առաջիկա՝ հուլիսի 27-ին նիստի օրակարգում ներառված է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Գալուստ Սահակյանի Շուշան Սարդարյանի օրենսդրական նախաձեռնությունը «մոլեխաղ» եզրույթի օրենսդրական սահմանման բացը լրացնելու անհրաժեշտության վերաբերյալ: «Քաղաքացիական հասարակությունում «մոլեխաղերի» ի հայտ գալուց և դրանց լայն տարածումից հետո պետության պոզիտիվ պարտականությունն է դարձել պաշտպանել հանրության բարոյականության սկզբունքը, ինչպես նաև ապահովել անձանց իրավունքների և օրինական շահերի ոտնահարման անթույլատրելիությունը: Այնուամենայնիվ, շատ երկրներում ոչ թե արգելվում, այլ նշված իրավահարաբերությունների կարգավորման շրջանակներում թույլատրվում է անցկացնել մոլախաղեր կամ այլ շահումով խաղեր: Բացառություն չէ նաև Հայաստանի Հանրապետությունը, որն օրենսդրորեն կարգավորել է նշված իրավահարաբերությունները: Այսպես, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքը կարգավորում է շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի խաղատների գործունեության կազմակերպման և կարգավորման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանում է դրանց նկատմամբ պետական վերահսկողությունը: «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքը` համանման եղանակով կարգավորում է նշված հարաբերությունները և սահմանում պետական վերահսկողության շրջանակները: Նշված օրենքների կարգավորման ոլորտի վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ պետությունը ուղղակիորեն վերահսկողություն է իրականացնում քննարկվող իրավահարաբերությունների նկատմամբ` հաշվի առնելով դրանց յուրահատկությունը և հնարավոր հետևանքները: Քննարկվող երևույթը իր օրենսդրական կարգավորումն է ստացել նաև Հայաս¬տանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, որի 32-րդ հոդվածի 1-ին մասի ուժով մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացու գործունակությունը կարող է դատարանով սահմանափակվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և նրա նկատմամբ սահմանվել հոգաբարձություն: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով մոլեխաղերին մասնակցող անձանց կամարտահայտությունը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի «Խաղեր և գրազ կազմակերպելու ու դրանցում մասնակցելու հետ կապված պահանջները» վերտառությամբ 1039-րդ հոդվածը դատական պաշտպանության բացառություն է սահմանել: Այսպես, նշված հոդվածի համաձայն` քաղաքացիների և իրավաբանական անձանց պահանջները` կապված ռիսկի վրա հիմնված խաղեր և գրազ (մոլեխաղեր) կազմակերպելու կամ դրանց մասնակցելու հետ, ենթակա չեն դատական պաշտպանության, բացառությամբ այն անձանց պահանջների, ովքեր խաղերին կամ գրազին մասնակցել են խաբեության, բռնության, սպառնալիքի կամ իրենց ներկայացուցչի` խաղերի կամ գրազի կազմակերպչի հետ չարամիտ համաձայնության ազդեցության ներքո, ինչպես նաև նույն օրենսգրքի 1040 հոդվածի 5-րդ կետում նշված պահանջների: Միևնույն ժամանակ կան երկրներ, որոնք քրեական օրենսդրությամբ արգելում են մոլեխաղերի մասնակցությունը, կազմակերպումը կամ դրանց այլ կերպ աջակցումը: Օրինակ` Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքով արգելված է մոլեխաղեր ապօրինի կազմակերպելը և իրականացնելը, որի օբյեկտը տնտեսական գործունեությունն է: Մոլդովայի քրեական օրենսքիրքը պատասխանատվություն է նախատեսում անչափահասներին հակաբարոյական գործողություններ կատարելու` մոլեխաղերին մասնակցելուն հրահրելու համար: Ֆրանսիայի քրեական օրենսգրքի համաձայն` մոլեխաղերի իրականացման համար «տուն պահելու» դեպքում անձը ենթարկվում է քրեական պատասխանատվության: Միաժամանակ, հետխորհրդային մի շարք երկներ` Ուկրաինա, Բելոռուս, Վրաստան և այլն, քրեական օրենսդրությամբ որպես զիվորական կարգի դեմ ուղղված հանցագործություն չեն նախատեսել մոլեխաղեր կազմակերպելը կամ դրանց մասնակցելը: Այնուամենայնիվ, հաշվի առնելով մեր պետության ներկայիս քաղաքականությունը և Հայաստանի Հանրապետության անվտանգության, պաշտպանության, տարածքային ամբողջականության, և նրա սահմանների անձեռնմխելիության կարևորագույն սահմանադրական սկզբունքները` պետությունը որոշակի արգելքներ է նախատեսել նշված իրավահարաբերությունների շրջանակներում գործառույթներ իրականացնող անձանց, մասնավորապես, ՀՀ զինված ուժերում ծառայողների համար: Այսպես, ՀՀ քրեական օրենսգրքի 364.1-րդ հոդվածը, որպես զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություն, պատասխանատվություն է նախատեսում զինծառայողի կողմից զորամասում, ծառայության վայրում կամ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում մոլեխաղեր մասնակցելու կամ դրանց կազմակերպելու համար: Դրական գնահատելով նշված հանցակազմի` քրեական օրենսգրքով նախատեսված լինելու հանգամանքը, պետք է փաստել, որ այնուամենայնիվ առկա է իրավական բաց «մոլեխաղ» եզրույթի օրենսդրական սահմանման և ընկալման առումով: Ի դեպ, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքը (179-րդ հոդված), առանձնացնում է մոլեխաղի մի քանի տեսակներ (թղթախաղ, զառախաղ, պտուտախաղ, «մատնոց» և այլն), սակայն նույնպես չի սահմանում մոլեխաղի հասկացությունն ու հիմնական հատկանիշները: Արդյունքում, «մոլեխաղ» հասկացությանը տրվում են տարաբնույթ և հակասական մեկնաբանություններ: Ուստի, արդիական է նշված եզրույթի սահմանման հիմնախնդիրը թե տեսական, թե գործնական առումով, քանի որ շատ հաճախ արարքի քրեաիրավական որակման հետ կապված խնդիրներ են առաջանում, հետևաբար, անհաժեշտ է սահմանել մոլեխաղի հասկացությունը և առանձնացնել դրա հիմնական հատկանիշները, որպեսզի յուրաքանչյուր կոնկրետ դեպքում հնարավոր լինի որոշել արարքի` հանցակազմի իմաստով մոլեխաղ հանդիսանալու հանգամանքը: ՀՀ քրեական օրենսգրքի 364.1-րդ հոդվածի հանցակազմի օբյեկտիվ կողմը դրսևորվում է զինծառայողի կողմից զորամասում, ծառայության վայրում կամ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում մոլեխաղերի մասնակցելով` իր կամ այլ անձի համար գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալու նպատակով: Այսինքն, օրենսդիրը ամրագրելով կոնկրետ նպատակ, միաժամանակ, արձանագրել է տվյալ հանցակազմի համար մեղքի դիտավորյալ ձևի` ուղղակի դիտավորության առկայության հանգամանքը: Տեսական գրականությունում առկա «մոլեխաղ» եզրույթի տարաբնույթ սահմանումների ուսումնասիրության արդյունքում կարելի է առանձնացնել դրա ընդհանուր հատկանիշները. o ռիսկի վրա հիմնված համաձայնություն, o այդպիսի համաձայնությունը կնքվում է երկու կամ ավելի անձանց միջև, o այն կնքվում է շահումի վերաբերյալ, այսինքն` տվյալ համաձայնությունը ունի գույքային առավելություն ձեռք բերելու նպատակ: Քանի որ համաձայնությունը կնքվում է շահումի` որոշակի գույքի, գույքի նկատմամբ իրավունքի, արժեթղթերի կամ որևէ այլ առավելության վերաբերյալ, ուստի ռիսկը ենթադրում է նաև գույքային անբարենպաստ հետևանքների առաջացման և դրամական միջոցների կորստի հավանականություն: Դրամական միջոցները անհրաժեշտ պայման են ռիսկի ձևավորման համար, սակայն, պետք է նշել, որ շատ դեպքերում այդպիսի միջոցները առարկայապես չեն արտահայտվում, այսինքն` խաղացողների կողմից համաձայնություն կնքելու պահին դրամական միջոցները փաստացի բացակայում են, բայց ռիսկը ապահովված է համարվում արդեն իսկ կնքված համաձայնությամբ սահմանված գումարի չափով: Կարևոր պայման է երկու կամ ավելի անձանց առկայությունը, որովհետև անձը չի կարող ինքն իր նկատմամբ ձեռք բերել գույքային առավելություններ, և նման պայմաններում ռիսկը չի կարող հիմնված լինել սեփական գույքի կորստի վրա: Ավելին, «համաձայնություն» բառը արդեն իսկ ենթադրում է երկու կամ ավելի անձանց կամքի դրսևորում: Մոլեխաղին թեկուզ մեկ անգամ մասնակցելը կամ մեկ անգամ մոլեխաղ կազմակերպելը արդեն իսկ ենթադրում է ավարտված հանցագործություն: Արարքի ավարտը պետք է կախված լինի գործողությունների բնույթից ու դրանց նպատակից` գույքային կամ այլ առավելություն ձեռք բերելուց, ոչ թե կատարված գործողությունների քանակից ու պարբերականությունից: Այսպիսով, վերոշարադրյալի հիման վրա քննարկվող հոդվածի իմաստով կարելի է սահմանել մոլեխաղի հետևյալ հասկացությունը. «մոլեխաղը` գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ այլ առավելություններ ստանալու նպատակով երկու կամ ավելի մասնակիցների միջև կամ կազմակերպչի կողմից սահմանված կանոններով շահումի վերաբերյալ ռիսկի հիման վրա համաձայնությամբ խաղ է»: Մեր կարծիքով, նշված սահմանումը կապահովի քրեաիրավական նորմերի որոշակիություն և կբացառի տարաբնույթ մեկնաբանությունները»:- օրենսդրական նախագծի հիմնավորման մեջ նշել են հեղինակ պատգամավորները:

Նմանատիպ նյութեր