211652_close_icon
views-count8509 դիտում article-date 20:59 24-07-2017

Դավիթ Խաժակյանը խնդրում է Երևանի քաղաքապետին՝ հրաժարվելու Շահեն Հարությունյանի դեմ ներկայացրած դիմումից

Երևանի ավագանու «Ելք»-ը խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը դիմել է Երևանի քաղաքապետին՝ խնդրելով հրաժարվել Շահեն Հարությունյանի դեմ վարչական դատարան ներկայացրած դիմումից։ Այս մասին հայտնում են «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։ Դիմումում ասվում է. «Հարգելի՛ պարոն Մարգարյան, 2017 թվականի մայիսի 18-ին Ձեր կողմից հայցադիմում է ներկայացվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Շահեն Հարությունյանին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Նշված հայցադիմումի առիթ է հանդիսացել առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու 2017 թվականի մարտի 16-ից 19-ը հավաքներ անցկացնելը: Ինչպես հայտնի է, հավաքների առիթ է հանդիսացել Արթուր Սարգսյանի («Հաց բերողի») մահը, որը հասարակության կողմից ընդունվել է մեծ ափսոսանքով՝ զուգորդվելով հավաք-երթերով, այդ թվում և Շահեն Հարությունյանի մասնակցությամբ: Հավաքները տեղի են ունեցել ինքնաբուխ կերպով, կրել են հրատապ բնույթ և բացակայել է լիազոր մարմնին օրենքով սահմանված ժամկետներում իրազեկելու հնարավորությունը: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ իրադարձությունները տեղի են ունեցել երիտասարդ և հանրությանը որպես ակտիվ քաղաքացի հայտնի Շահեն Հարությունյանի մասնակցությամբ, ելնելով հանրային համերաշխության համընդհանուր սկզբունքներից՝ դիմում ենք Ձեզ՝ հրաժարվելու վարչական դատարան ներկայացրած դիմումից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-41-Ն օրենքի 50-րդ հոդվածի առաջին մասի բ) ենթակետի հիմքով վարչական վարույթը կարճելու նպատակով»:

Նմանատիպ նյութեր