211652_close_icon
views-count6448 դիտում article-date 23:30 20-07-2017

Ինչո՞ւ հրաժարական տվեց Ֆրանսիայի բանակի հրամանատար Պիեռ դե Վիլիեն. «Ամերիկայի ձայն»

Հուլիսի 19-ին իր զբաղեցրած պաշտոնից հրաժարվեց Ֆրանսիայի բանակի հրամանատար, գեներալ Պիեռ դե Վիլիեն։ Նա այս քայլին դիմեց նախագահ Էմանուել Մակրոնի հետ ունեցած ու ավելի խորացող հակասությունների ու տարաձայնությունների պատճառով։ Ֆրանսիայի նոր ու երիտասարդ նախագահ Էմանուել Մաքրոնի համար ամեն ինչ շատ հարթ էր թվում։ Վստահ հաղթանակ էր տարել նախագահական ընտրություններում։ Նրա կուսակիցները վստահ հաղթանակ էին գրանցել խորհրդարանում։ Միջազգային առաջին հանդիպումներում էլ արժանացել էր մեծ համակրանքի։ Եվ ահա առաջին փորձությունը։ Հրաժարական է ներկայացնում բանակի հրամանատարը՝ հայտարարելով նախագահի հետ առկա տարաձայնությունների մասին։ Գեներալ Պիեռ դե Վիլիեի խոսքերով, բանակում կրճատումներ անցկացնելու Մաքրոնի ծրագրի արդյունքում, ինքը չի կարող տալ Ֆրանսիան պաշտպանելու երաշխիքներ։ Հարցն այն է, որ Մաքրոնը ցանկանում է բանակի այս տարվա բյուջեում կատարել մեկ միլիարդ դոլարի կրճատումներ՝ ազգային պակասուրդը վերահսկողության տակ պահելու նպատակով։ Սակայն նա նաև տվել է 2Օ18 թվականին ու դրանից հետո ռազմական ծախսումներն ավելացնելու մասին խոստումներ։ Ինչպես կառավարության խոսնակ Քրիստոֆ Կաստաներն է ասել, «Նախագահը խոստացել է մինչև 2Օ25 թվականը բանակին հատկացվող բյուջեն հասցնել համախառն ներքին արտադրանքի 2 տոկոսին»։ Ֆրանսիայում իրականացված ահաբեկչական վերջին գործողություններից հետո երկրի քաղաքներում տեղակայվել են 7.5 հազար թվակազմով բանակայիններ։ Ֆրանսիական բանակի ստորաբաժանումներ են մասնակցում Սիրիայում ու Իրաքում ԴԱԵՇ ծայրահեղական խմբավորման դեմ իրականացվող ռազմական գործողություններին։ Ֆրանսիական ուժերը 4 հազարանոց թվակազմով հակաահաբեկչական գործողություններ են իրականացնում Հյուսիսային Աֆրիկայում։ Ինչպես Եվրոպական բարեփոխումներ կենտրոնի վերլուծաբաններից Սոֆիա Բեշն է ասում, «Վերջին տարիներին ու տասնամյակներին Ֆրանսիայի ռազմական գործունեությունը հասել է մի տեղ, որտեղ ներկա ֆինանսավորումն արդեն իսկ չի բավականացնում»։ Ինչևէ, նախագահ Մաքրոնն արդեն ընտրել է զինված ուժերի նոր հրամանատարին։ Նա առաջարկում է գեներալ Ֆրանսուա Լաքուանթղին։ Վերջինս է ղեկավարել Մալիում Եվրոպական միության առաքելությունը։ Իսկ Մալին այն երկիրն է, ուր նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին այցը կատարեց Մաքրոնը։ Սոֆիա Բեշի խոսքերով, դեռևս պարզ չէ, թե նախագահի նշած կրճատումներն ինչ ազդեցություն են ունենալու ռազմական առաքելությունների վրա։ «Սակայն վստահ ենք, որ Մաքրոնի օրոք Ֆրանսիան հավատարիմ կմնա Աֆրիկայում իր ստանձնած պարտավորություններին»,- ասում է նա։ Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/3952278.html]«Ամերիկայի ձայն»[/url]:

Նմանատիպ նյութեր