211652_close_icon
views-count6564 դիտում article-date 15:46 19-07-2017

Երևանում աղբահանության գործընթացում խափանումներ կան, հնարավոր է՝ աղբի տեղափոխման ուշացումներ լինեն. «Սանիթեք»

«Սանիթեք» ընկերությունը տեղեկացնում է, որ այս պահին Երևան քաղաքում աղբահանության գործընթացում խափանումներ կան, և հնարավոր է, որ որոշ հասցեներում աղբի տեղափոխման գործընթացում ժամային գրաֆիկից ուշացումներ լինեն։ Խափանման պատճառն այն է, որ վերջին շաբաթների ընթացքում բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ որոշ անբարեխիղճ բնակիչներ շինարարական կոշտ աղբը որպես կենցաղային աղբ նետել են աղբամանների մեջ. արդյունքում՝ միաժամանակ աշխատանքի մեջ գտնվող մի քանի մեքենաներում անսարքություններ են առաջացել։ Պատճառն այն է, որ, թեև աղբատար մեքենաները համալրված են աղբը սեղմելու համար նախատեսված հատուկ սարքերով, դրանք նախատեսված չեն շինարարական կոշտ աղբը սեղմելու համար, ուստի երբ շինարարական աղբը հայտնվում է սեղմիչ սարքի հատվածում, վերջինս վնասվում է։ Ընկերության աշխատակիցները, մասնավորապես՝ մեքենաների սպասարկման անձնակազմը, աշխատում են արտակարգ ռեժիմով՝ փորձելով հնարավորինս արագ շտկել տեխնիկական խնդիրները։ Հիշեցնենք, որ «Սանիթեք» ընկերության աղբատար մեքենաների մեծ մասը նախատեսված չէ ծանր շինարարական աղբ տեղափոխելու համար, իսկ ընկերությունը չի զբաղվում աղբի այդ տեսակի տեղափոխությամբ։ Ընկերությունը դիմում է բնակիչներին՝ կոչ անելով շինարարական աղբի տեղափոխման համար օգտվել հատուկ ծառայություններից և, առավել ևս, չնետել նման աղբն աղբամանի մեջ՝ առաջացնելով արհեստական խոչընդոտներ աղբահանության գործընթացում։ Ընկերությունը հայցում է բարեխիղճ բնակիչների ներողամտությունը ստեղծված իրավիճակի համար և վստահեցնում, որ խնդրի լուծման ուղղությամբ օպերատիվ աշխատանքներ են տարվում։

Նմանատիպ նյութեր