211652_close_icon
views-count9527 դիտում article-date 12:41 18-07-2017

Հայ-վրացական համագործակցությունը նոր թափ է ստանում. ԱԻ նախարարն այցելել է Վրաստան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը երկօրյա աշխատանքային այցով Վրաստանում էր: Արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-վրացական համագործակցության շրջանակներում սա արտակարգ իրավիճակների նախարարի առաջին պաշտոնական այցն էր Վրաստան: ԱԻ նախարարի գլխավորած պատվիրակությունում էին ԱԻ փոխնախարար Է. Ապրիամովը և ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը: Աշխատանքային այցի շրջանակներում նախարար Տոնոյանը հանդիպել է Վրաստանի Ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակների ոլորտում երկու պետությունների միջև համագործակցության խորացման և աղետներին համատեղ արձագանքելու հնարավորությունները: Գեորգի Մգեբրիշվիլին նախարար Տոնոյանին է ներկայացրել Վրաստանի ՆԳՆ-ի գործունեությունը քաղպաշտպանության և արտակարգ իրավիճակների ոլորտներում, մասնավորապես՝ Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության արդիականացման և չափորոշիչների մշակման 5-ամյա ծրագիրը: Ներկայացնելով արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-վրացական համագործակցության զարգացման հեռանկարների հայկական կողմի տեսլականը՝ ԱԻ նախարարը վստահություն հայտնեց, որ հանդիպումից հետո երկու պետությունների միջև համագործակցությունը և համատեղ արձագանքումն արտակարգ իրավիճակներին կդառնա առավել սերտ և արդյունավետ: Իր խոսքում նախարար Տոնոյանը նշել է, որ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք միջազգային կառույցների հովանու ներքո ուժեղացնել հայ-վրացական անդրսահմանային արձագանքումը բնական և մարդածին աղետներին, ինչը կնպաստի երկու պետությունների բնակչության դիմակայունության բարձրացմանը: ԱԻ նախարարը Վրաստանի ՆԳ նախարարի ուղեկցությամբ այցելել է նաև Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալություն և համատեղ գործողությունների կենտրոն՝ ծանոթանալու վերջիններիս գործառույթներին և տեխնիկական հագեցվածությանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր