211652_close_icon
views-count17573 դիտում article-date 20:28 17-07-2017

Սեմինար՝ տնտեսական ոլորտը լուսաբանող լրագրողների համար

Հուլիսի 15-16 –ը ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի մասնակցությամբ Հանքավանում տեղի է ունեցել տնտեսական ոլորտը լուսաբանող լրագրողների համար սեմինար, որը կազմակերպվել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության աջակացությամբ: Ողջունելով ներկաներին՝ նախարար Վարդան Արամյանը կարևորել է նման միջոցառումները՝ ընդգծելով, որ արդեն ավանդույթ դարձած այս հանդիպումների միջոցով լրատվական դաշտի ուշադրությանն են ներկայացվում հանրությանն առավել հետաքրքրող հարցերն ու թեմաները: «Այս սեմինարի ընթացքում առավելապես կփորձենք ներկայացնել մեր աշխատանքի հիմնական տրամաբանությունն ու մեր կողմից որդեգրված քաղաքականության հիմնական սկզբունքները»,-ասել է նախարարը: Սեմինարի առաջին օրը ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական բյուջեի եկամուտների ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ Ռուզաննա Գաբրիելյան ներկայացրել է Հայաստանի Հանրապետության 2018-2020 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: ՄԺԾԾ-ի վերաբերյալ նախարար Վարդան Արամյանը և նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուզազյանը նշել են այն հիմնական կարևոր սկզբունքները, որոնք դրվել են դրա կազմման հիմքում: «Պետք է շեշտադրում կատարվի կապիտալ ծախսեր և պակասուրդ հարաբերակցության վրա, որն էլ միտված կլինի կապիտալ ծախսերի՝ և՛ անվանական առումով, և՛ ՀՆԱ-ի կշռով ավելի բարձր լինելուն: Ներկայումս ճիշտ, խելամիտ հարկաբյուջետային քաղաքականությամբ պետք է անկումը վերականգնել և պոտենցիալ աճի տեմպերն ուժեղացնել, պետք է բարեփոխումներն ավելի արագ տեմպերով արվեն: 2018թ. հարկային եկամուտները կավելանան 0.4 տոկոսով, իսկ հաջորդ տարիներին` 0.3-ական տոկոսով: Կանխատեսվող ցուցանիշների 0.1 տոկոսի տարբերությունը պայմանավորված է նրանով, որ հաջորդ տարվանից Հարկային նոր օրենսգիրքն ամբողջությամբ սկսելու է գործել, ինչի արդյունքում կարձանագրվի եկամուտների ավելացում», -նշել է Արամյանը՝ պարզաբանելով, որ տարեկան ավելացումը նախատեսվում է վարչարարության խստացման և ստվերի կրճատման հաշվին: Անդրադառնալով 2017 թվականի բյուջեով նախատեսված պաշտպանության ծախսերին՝ նախարարը տեղեկացրել է, որ ոլորտի համար հատկացվել է շուրջ 226 միլիարդ դրամ՝ ներառյալ կապիտալ ծախսերը, և նախատեսվում է մինչև 2020 թվականը յուրաքանչյուր տարի ծախսերն ավելացնել 26-27 միլիարդ դրամով, որը կլինի ՀՆԱ-ի 4 տոկոսի սահմաններում: Սեմինարի ժամանակ ներկայացվել է նաև ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2018-2020 թվականների ռազմավարական ծրագիրը, որի շրջանակներում պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանն ասել է, որ պարտքի կառավարման հիմնական էությունը կայանում է դեֆիցիտի ֆինանսավորման կայուն և անխափան գործընթացը ապահովելու մեջ: «Մեր խնդիրն այն է, որ կարողանանք նվազագույն ռիսկերով և ծախսերով իրականացնել պարտքի կառավարումը, ինչը բավականին բարդ է»,- նշել է Ա. Մարգարյանը՝ համառոտ ներկայացնելով պետական պարտքի կառավարման զարգացման և հաշվետվողականության վերջին տարիների փոփոխությունները: Պետական պարտքի կառավարման վարչության ռազմավարության և ռիսկերի կառավարման բաժնի պետ Արթուր Համբարձումյանը ներկայացրել է պարտքի կառավարման միջնաժամկետ ռազմավարությունը և ընդգծել ռազմավարության դերն ու կարևորությունը ՀՀ կառավարության պարտքի կառավարման բնագավառում, ռազմավարության նպատակադրումները, վերջին տարվա ընթացքում արձանագրված զարգացումները, ծախսերի և ռիսկերի վերլուծությունը, նաև ռիսկերի կառավարման ուղենշային ցուցանիշները: Վարչության պետի տեղակալ-հաշվառման և սպասարկման բաժնի պետ Արտակ Մարությանը մեկնաբանել է ՀՀ կառավարության պարտքի կառավարման ռազմավարության ներքին ու արտաքին աղբյուրներից ստացվող միջոցների կառուցվածքն ու փոխառու զուտ միջոցների հաշվին պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման քաղաքականությունը: Ֆինանսների նախարարության ոլորտի պատասխանատուները հայտնել են, որ ՀՀ կառավարության պարտք/նախորդ տարվա ՀՆԱ ցուցանիշը 2016թ. տարեվերջին կազմել է 52.2 տոկոս: 2017թ. ՀՀ պետբյուջեի դեֆիցիտը ծրագրվել է` հաշվի առնելով «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքով սահմանված սահմանափակումը: Դեֆիցիտի ֆինանսավորումը ներքին փոխառու զուտ միջոցների հաշվին 2016թ. նախատեսված 42 մլրդ դրամի դիմաց փաստացի կազմել է 171 մլրդ դրամ: Սեմինարի երկրորդ օրը մեկնարկել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանի մամուլի ասուլիսով, որին հաջորդել է Գանձապետական պահառու համակարգի զարգացման ներկայացումը: Պետական պարտքի կառավարման վարչության գանձապետական պահառուի աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Աննա Եգանյանը ներկայացրել է Գանձապետական պահառուի միջոցով վաճառվող պետական պարտատոմսերն ու դրանց ձեռքբերման եղանակները, ինչպես նաև մանրամասն նկարագրել է առցանց համակարգի միջոցով ներդրողների գրանցումն ու պարտատոմսերի ձեռքբերումը: Ներդրված Գանձապետական պահառուի պետական պարտատոմսերի մանրածախ վաճառքի առցանց համակարգի միջոցով 2017թ. հունիսի 8-ին առաջին անգամ հաջողությամբ տեղաբաշխվել են 30 տարի մարման ժամկետով տեղական արժույթով պարտատոմսեր: Երկօրյա սեմինարն ամփոփվել է ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքի ներկայացմամբ, որի շրջանակներում մասնակիցներին ներկայացվել է կայքի ընդհանուր կառուցվածքն ու բովանդակությունը, տվյալների և գրաֆիկների որոնման տրամաբանությունը և կիրառված վերջին նորամուծությունները: Պաշտոնական կայքի ներկայացմանը հաջորդել է ինտերակտիվ քննարկում, որը լրատվամիջոցների ներկայացուցիչներին հնարավորություն է տվել հղել իրենց հուզող հարցերը:

Նմանատիպ նյութեր