211652_close_icon
views-count6296 դիտում article-date 15:08 17-07-2017

Պատանի Մ 16 տարեկան բասկետբոլիստները կմասնակցեն Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը

Բասկետբոլի Մ 16 տարեկանների Հայաստանի հավաքականը պատրաստվում է հուլիսի 22-30-ն Անդորայում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում թիմի ավագ մարզիչ Արեգ Վաթյանը հայտնեց, որ այսօր մեկնելու են Թբիլիսի: Այնտեղ ընկերական հանդիպում կանցկացնեն Վրաստանի իրենց հասակակիցների հետ. «Այս պահին թիմը լիովին պատրաստ չէ: Տղաները շատ կարճ ժամանակ են միասին մարզվում և համատեղ խաղային փորձ չունեն: Ընկերական խաղեր ենք անցկացնում` այդ բացը լրացնելու համար: Նախորդ տարվա թիմից երեք բասկետբոլիստ է մնացել, մյուսները նորեկներ են: Թբիլիսիում նաև երկու մարզում կունենանք, ապա կմեկնենք Անդորա»,- ասաց Արեգ Վաթյանը: Մարզիչն անկեղծանում է, որ իր սաները որակներով զիջում են մրցակիցներին: Նրա խոսքով` փորձելու են պատվով հանդես գալ և բարձր պահել թիմային ոգին. «Առաջին խաղը Ջիբրալթարի հավաքականի հետ է: Նրանց թիմում հանդես են գալու մի քանի բասկետբոլիստներ Մ 18 տարեկանների հավաքականից: Մոլդովան իր թիմն ուժեղացրել է ռուս խաղացողներով, Անդորան` իսպանացիներով, Կիպրոսը` հույներով: Այնպես որ` C դիվիզիոնում թույլ թիմ չկա»- նշեց Արեգ Վաթյանը: Մ 16 տարեկանների Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել են` Դավիթ Քարամյանը, Լևոն Վաթյանը, Հովհաննես Պողոսյանը, Արսեն Արստամյանը, Աշոտ Հակոբյանը, Յուրա Հարությունյանը, Գևորգ Ղազանչյանը (բոլորը` Հայաստան), Գեորգի Շախնազարովը, Նիկիտա Գալցևը, Ալեքսեյ Չիժենոկը (Ռուսաստան), Սամվել Բունիաթյանը (Գերմանիա), Միկիա Ավեդյանը (Իրան): Սամվել Բունիաթյանն այժմ մարզվում է թիմից առանձին` Գերմանիայում: Նա Արեգ Վաթյանից ստացել է բոլոր հանձնարարությունները և հավաքականին միանալու է մրցավայրում: Արեգ Վաթյանի օգնականներն են` Սարգիս Ստեփանյանը և Գևորգ Շախնազարյանը:

Նմանատիպ նյութեր