211652_close_icon
views-count8048 դիտում article-date 11:19 17-07-2017

Դեսպան Մկրտչյանն այցելել է Լիբանանի Զահլե քաղաք

Հուլիսի 15-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն այցելեց Լիբանանի Զահլե քաղաք, որի շրջանակներում հանդիմում ունեցավ քաղաքապետ Ասաադ Ժողեյբի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Լիբանանի միջև քաղաքային և մարզային մակարդակով համագործակցության նախաձեռնման և զարգացման հարցերը։ Այդ առումով կարևորվեց Զահլեի և Հայաստանի քաղաքներից մեկի, ինչպես նաև Լիբանանի Բեքաայի նահանգի և Հայաստանի մարզերից մեկի միջև կապերի հաստատումը՝ համապատասխան փաստաթղթերի համաձայնեցման ու ստորագրման միջոցով։ Զահլեի քաղաքապետը կողմից բարձր գնահատեց հայերի ներդրումը քաղաքի զարգացմանը։ Համագործակցության խնդիրների քննարկման և հստակեցման նպատակով քաղաքապետ Ասաադ Ժողեյբը պատրաստակամություն հայտնեց առաջիկայում այցելել Հայաստան, նպատակահարմար համարվեց պատվիրակության կազմում ընդգրկել գործարարների։ Անդրադարձ կատարվեց ս.թ. հունիսին ընդունված Լիբանանի նոր ընտրական օրենքի հիման վրա անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին։ Զահլե այցի շրջանակներում դեսպան Մկրտչյանը հանդիպումներ ունեցավ Հույն կաթոլիկ (Մելկիտե) եկեղեցու Զահլեի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Իսսամ Ջոն Դարվիշի, Մարոնի կաթոլիկ եկեղեցու Զահլեի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Յոզեֆ Էմիլ Մուավադի, Անտիոքի և Համայն Արևելքի Հույն ուղղափառ պատրիարք Անտոնիոսի և Զահլեի ու Բեքաայի Անտիոքի Սիրիական ուղղափառ պատրիարքական փոխանորդ Հուստինոս Պաուլոս Սաֆարի հետ։ Հանդիպումների ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային զարգացումներին, Մերձավոր Արևելքում քրիստոնյա փոքրամասնությունների իրավիճակին, Լիբանանի ժողովրդագրական պատկերին, երկրում ապաստան գտած սիրիացի փախստականների վերադարձի խնդիրներին։

Նմանատիպ նյութեր