211652_close_icon
views-count17684 դիտում article-date 17:13 15-07-2017

Մեծ կինոն` փոքր գյուղում. Արցախում հեղինակային ֆիլմերի փառատոն է բացվել

Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղում երեկ՝ հուլիսի 14-ին, բացվել է «Մեծ կինոն` փոքր գյուղում» խորագրով ֆիլմերի փառատոնը, որը մեկնարկել է արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» հեղինակայի ֆիլմի ցուցադրությամբ: Միջոցառմանը բացման խոսքով հանդես էեկել Խաչմաչի դպրոցի տնօրեն Սերոբ Մնացականյանը, ով, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել Ջիվան Ավետիսյանին՝ նման գեղեցիկ նախաձեռնության համար և նշել, որ Սփյուռքի մեր հայրենակիցները, դիտելով այս յուրօրինակ ֆիլմը, նորից իրենց ձայնը կբարձրացնեն Արցախի անկախության ճանաչման հարցով: «Մեզ համար շատ հաճելի է դիտել մեր համագյուղացի, տաղանդաշատ կինոռեժիսոր Ջ. Ավետիսյանի ֆիլմերը»,-իր խոսքի մեջ նշել է Ս. Մնացականյանը: «Արցախպրես» հայկական լրատվական գործակալության տնօրեն Վահրամ Պողոսյանը, ով նաև փառատոնի նախաձեռնողներից է, իր խոսքում, մասնավորապես ասել է. «Մեր նպատակն Արցախն աշխարհին ավելի ճանաչելի դարձնելն է: Կինոն քարոզչական ամենահզոր զենքերից մեկն է, և այն մենք պետք է ճիշտ օգտագործենք: Ջիվանը, լինելով արցախցի, կարողացել է արցախցու տեսանկյունից աշխարհին ճիշտ ներկայացնել արցախյան հարցը: Ե՛վ «Թևանիկը», և՛ «Վերջին բնակիչը» ֆիլմերում, որոնք նկարահանվել են Արցախում, այդ հիմնախնդրի ներկայացման հաջողված փորձն է»: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ջիվան Ավետիսյանն ասել է, որ իրենք ընկերներով նախաձեռնել են հեղինակային ֆիլմերի ցուցադրություն, որի մեկնարկը տրվել է հենց է իր պապենական Խաչմաչ գյուղից: «Ցուցադրելու եմ իմ նկարահանած վերջին 3 ֆիլմերը՝ «Թևանիկ», «Ընդհատված մանկություն» և «Վերջին բնակիչը»: Նպատակ ունենք ցուցադրությունները դարձնել ամենամյա և միջազգային: Ամեն տարի ես կհրավիրեմ նաև իմ գործընկերներին, ովքեր նույնպես իրենց հեղինակային ֆիլմերը կցուցադրեն մեր գյուղում: Այսպիսով, մենք նրանց ուշադրությունը կբևեռենք Արցախի վրա. գալով այստեղ՝ նրանք կծանոթանան Արցախի աշխարհագրությանն ու պատմական անցյալին ու ներկային, մեր մշակույթին, կենցաղին և որ ամենակարևորն է՝ ղարաբաղյան հիմնախնդրին: Այդ ամենն օտարերկրացիները հետագայում կօգտագործեն Արցախի մասին նկարահանվելիք իրենց ֆիլմերում,-ասել է Ջ. Ավետիսյանը և ավելացրել,-12 տարի առաջ ես իմ հեղինակային ֆիլմով մասնակցել եմ միջազգային կինոփառատոների. մարդիկ այն ժամանակ չգիտեն ո՛չ Արցախի. ո՛չ էլ ղարաբաղյան հիմնախնդրի մասին: Կինոյով ղարաբաղյան հարցը միջազգայնացնելու վառ օրինակ է «Վերջին բնակիչը» ֆիլմը. այն ունի միջազգային համարտադրողներ և օտարազգի դերասանական կազմ: Գլխավոր դերում հանդես եկող պարսիկ դերասանուհին եղել էր Արցախում, անձամբ շփվել մարդկանց հետ, լսել պատմություններ, հանդիպել մշակութային գործիչներին, քայլել փողոցներով, ապրել մեր առօրյայով, մոտիկից ճանաչել Արցախն ու արցախցիներին: Ի դեպ, նա հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակում»»: Ջ. Ավետիսյանի խոսքով՝ եթե առաջարկներ լինեն, ինքը պատրաստ է իր ֆիլմերը ցուցադրել նաև Արցախի այլ գյուղերում ևս: ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանն էլ մեզ հետ զրույցում նշել է. «Նման նախաձեռնությամբ հանդես գալը հրաշալի գաղափար է: Իսկապես, շատ կարևոր է Արցախի մասին ճշմարտացի ֆիլմեր ունենալը, իսկ Ջիվան Ավետիսյանի ֆիլմերը, միանշանակ, այդպիսին են: Դրանք պատերազմի մասին ֆիլմեր են, ուր կան մարդկային խեղված ճակատագրեր: Ցանկալի կլինի, որ այդպիսի ցուցադրությունները շարունակական լինեն: Չնայած այստեղ՝ կինոռեժիսորի հայրենիքում, ցուցադրվելը բոլորովին այլ հաճելի զգացողություն է, բայց ցանկալի կլիներ, որ դրանք ցուցադրվեն նաև աշխարհի ամենահեղինակավոր կինոդահլիճներում ևս. անկախ ազգային պատկանելիությունից՝ դրանք կհետաքրքրեն բոլորին»: Տեղեկացնենք, որ այսօր՝ հուլիսի 15-ին, ժամը 20:00-ին, Խաչմաչ գյուղի համայնքի կենտրոնում տեղի է ունենալու «Ընդհատված մանկություն» ֆիլմի ցուցադրությունը, իսկ հուլիսի 16-ին՝ «վերջին բնակիչը»: Մուտքն ազատ է: Միջոցառմանը ներկա էին ԱՀ ԱԺ պատգամավորներ, համագյուղացիներ, հյուրեր և այլք:

Նմանատիպ նյութեր