211652_close_icon
views-count11576 դիտում article-date 13:36 15-07-2017

ՊԵԿ-ը ցանկանում է իրենո՞վ անել աճուրդի հանված մեքենաները. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները թույլ չեն տալիս քաղաքացիներին անարգել մուտք գործել ՊԵԿ-ի ավտոպարկ, որտեղ պետք է հնարավորություն ունենան ծանոթանալ այն ավտոմեքենաներին, որոնք աճուրդի են հանված: Նման ահազանգով armtimes.com-ի խմբագրություն դիմած քաղաքացուհի Սուսաննա Գալստյանը պատմեց, որ մի քանի օր է, ինչ չի կարողանում մուտք գործել ՊԵԿ-ի ավտոպարկ: «Ավտոպարկը պատկանում է ՊԵԿ-ին, հասցեն գրված է՝ Սևանի փողոց 104, որտեղ գտնվում է ՊԵԿ-ի օրինական ավտոպարկը: Իմ եղբայրը գնաց, որպեսզի ծանոթանա մեքենաներին, նոր որոշենք՝ աճուրդին մասնակցենք, թե ոչ: Նախ՝ չթողեցին՝ ասացին, որ ավտոպարկը փակ է, ու վերջ: Որոշեցի ես գնամ, մտածելով, որ կարող է ընդառաջեն, որպես կինարմատ: Գնացի, դուռը բաց էր, հարցրեցի տնօրենին: Տնօրենը մուննաթով ասում է՝ գնա այստեղից, ես ոչ մի բանի մասին տեղեկություն չունեմ: Թղթերը հանել եմ ինտերնետից, որոնք կան, ցույց եմ տալիս, ասում եմ՝ ուզում եմ հասկանալ՝ մեքենան այստե՞ղ է, թե՞ ոչ»,- պատմեց Սուսաննա Գալստյանը՝ հավելելով, որ ինքն այդ պարկում չի տեսել մեքենաներ: Նա նշեց, որ դրանից հետո զանգահարել է աճուրդի կենտրոն, որտեղից ուղղորդել են պետական գույքի վարչություն, այնտեղից էլ ասել են, որ ՊԵԿ-ի մեքենաների աճուրդով իրենք չեն զբաղվում և առաջարկել են գնալ պետգույքի կառավարման վարչությանը պատկանող Մերձավան գյուղի ավտոպարկ, որտեղ իրենց կողմից աճուրդի հանված մեքենաներն են տեղակայված: Քաղաքացուն պետգույքի կառավարման վարչությունից ասել են, որ նրա ընտրած ավտոմեքենաները ՊԵԿ-ինն են և չեն գտնվում իրենց ավտոպարկում: «Ես եկել եմ ՊԵԿ, առավոտից այստեղ եմ եղել: Էլի զանգել էի ՊԵԿ-ի տրանսպորտի գծով վարչության պետ Արթուր Մանուկյանին, որը տարածքում չէր: Այսօր նորից գնացի ՊԵԿ, չեն ասում, թե այդ մեքենաներն ուր են: Կան ռուսական մակնիշի, Պրադո տեսակի մեքենաներ: Ուղղակի հարցն այն է, որ ՊԵԿ-ի մեքենաները շատ քիչ մաշվածություն ունեն: Օրինակ՝ ՃՈ-ի մեքենաները մաշված են»,- ասաց Սուսաննա Գալստյանը: Մեր զրուցակիցը ասաց նաև, որ հիմնավոր կասկածներ ունի, որ մեքենաները ՊԵԿ-ը դիտավորյալ պահել է: «Ես կարծում եմ, որ իրենք այդ մեքենաները պահել են, որ իրենք առնեն: Ուղղակի պահել են ինչ-որ մի տեղ: Ինչո՞ւ է, օրինակ, պետգույքի ավտոպարկում նախագահականի, կառավարության ավտոմեքենաները կանգնած, իսկ ՊԵԿ-ինը՝ չկա»,- ասաց Սուսաննա Գալստյանը: ՀՀ պետեկամուտների կոմիտեի լրատվականից մեր բանավոր հարցերին չպատասխանեցին՝ առաջարկելով գրավոր հարցում ուղարկել: ՊԵԿ-ի պարզաբանումը ստանալուն պես այն կհրապարակենք»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր