211652_close_icon
views-count13554 դիտում article-date 22:06 12-07-2017

Հայտնի են «Արմենիա» առաջին միջազգային մրցույթի հաղթողները

Այսօր հայտնի դարձան «Արմենիա» առաջին միջազգային մրցույթի հաղթողները։ Առաջին մրցանակի արժանացավ Հռիփսիմե Աղաքարյանը (Հայաստան), երկրորդ մրցանակակիր դարձավ Խաչիկ Անդրեասյանը (Հայաստան), երրորդ մրցանակը շնորհվեց Դոմինիկ Վիզջանին (Լեհաստան), ինչպես նաև՝ հատուկ մրցանակ շնորհվեց Սեոլհվա Կիմին (Հարավային Կորեա)։ Մրցանակակիրներից բացի, ևս երկու դաշնակահար իրավունք ստացավ մասնակցելու Մալթայում կայանալիք դաշնակահարների միջազգային մրցույթին։ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովի կարծիքով՝ մրցույթ-փառատոնն անցել է շատ բարձր մակարդակով. «Ուրախ եմ, որ այդքան մեծանուն երաժիշտներ եկան Հայաստան և ելույթ ունեցան այստեղ։ Մրցույթի լավագույն 5 մասնակիցները կկարողանան գնալ Մալթա և 2018-ին մասնակցել այնտեղ կայանալիք դաշնակահարների մրցույթին և պայքարել շատ մեծ մրցանակի՝ 100 հազար եվրոյի համար։ Ընդհանուր մրցանակային ֆոնդը 200 հազար եվրո է։ Եվ ես հուսով եմ, որ հայաստանյան մրցույթի մասնակիցներն իրենց լավագույնս կդրսևորեն Մալթայի մրցույթի ընթացքում»։ Նշենք, որ «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնն անցկացվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture) նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Սերգեյ Սմբատյանը։ Մրցույթ-փառատոնը կազմակերպվել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Այսօր երեկոյան Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովի համերգով կեզրափակվի «Արմենիա» առաջին միջազգային մրցույթ-փառատոնը։

Նմանատիպ նյութեր