211652_close_icon
views-count10551 դիտում article-date 20:48 10-07-2017

Ավարտվեց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի անվան մանկապատանեկան ֆուտբոլի փոխանցիկ գավաթի հերթական խաղարկությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Էջմիածնի մարզադաշտում ավարտվեց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի անվան մանկապատանեկան ֆուտբոլի փոխանցիկ գավաթի հերթական խաղարկությունը: Առաջնությանը մասնակցում էին Երեւանի եւ Արմավիրի մարզի մոտ 20 թիմ: Հաղթող դարձավ պատանի երկրապահի թիմը: 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Արմավիրի թիմը, 3-րդը` Արագածինը: Առաջնության ավարտին, երկրապահական ավանդույթների հարգմամբ, ծաղկադրում կատարվեց Արցախյան հաղթանակը խորհրդանշող հուշարձանին: Ապա տեղի ունեցավ պարգեւների հանձնման հանդիսավոր արարողություն: Մրցանակներ հանձնվեցին նաեւ լավագույն ռմբարկուին, տարբեր օղակների լավագույն խաղացողներին: Միջոցառման կազմակերպիչ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը եզրափակիչ խոսքում մաղթեց, որ պատանի մարզիկները չբավարարվեն ձեռքբերումներով, միշտ ավելիին ձգտեն: ԵԿՄ վարչության նախագահի ուղերձն ընթերցեց վարչության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանը: Հարգելի՛ մարզիկներ, ֆուտբոլասերներ, երկրապահներ, էջմիածնեցիներ, հյուրեր. Շնորհավորում եմ ամենքիս ֆուտբոլի փոխանցիկ գավաթի ավանդական մրցաշարի անցկացման կապակցությամբ: Ավանդույթի համաձայն՝ մրցաշարը կազմակերպել էր Էջմիածնի քաղաքապետարանը: Ինչպես միշտ՝ երկրապահ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությունն աչքի ընկավ բարձր կազմակերպվածությամբ: Միջոցառման անցկացմանն էլ, դարձյալ՝ ձեւավորված ավանդույթի համաձայն՝ աջակցել են Երկրապահ կամավորականների միությունն ու «Արա եւ Այծեմնիկ» ընկերությունը: Երկրապահի համար միշտ էլ սպորտն առաջնային նշանակություն է ունեցել: Դեռ Արցախյան պատերազմի օրերին ռազմական գործողությունների հարաբերական դադարի պահերին ես կազմակերպում էի մարզական մրցություններ, ֆուտբոլի առաջնություններ 5-րդ լեգենդար բրիգադի գումարտակների միջեւ: Հրադադարի կնքումից հետո էլ, պաշտպանության փոխնախարարի կարգավիճակում, համակարգում էի նաեւ բանակի մարզական կառույցները: Մեր նախաձեռնությամբ հիմնադրվել է ձիասպորտի հիանալի կենտրոն, որ միակն է Արմավիրի մարզում: Առհասարակ, Երկրապահն առաջնորդվում է «Առողջ մարմնում առողջ հոգի» նշանաբանով: Եվ պատահական չէ, որ ԵԿՄ շատ պատասխանատուներ նաեւ Հանրապետության տարբեր մարզական ֆեդերացիաներ են ղեկավարում: Այսպես օրինակ, ԵԿՄ վարչության, նախագահության անդամ Կարեն Գրիգորյանը ՀՀ թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահն է, ԵԿՄ վարչության, նախագահության անդամ Նազիկ Ամիրյանը՝ նետաձգության ֆեդերացիայի: Երկրապահը գործակցում է ֆուտբոլի, շախմատի, դուքենդոյի, այլ մարզական ֆեդերացիաների հետ: Շնորհավորելով հաղթողներին, մրցանակակիրներին՝ ես հավաստիացնում եմ այս առաջնության մասնակից թիմերին, որ նման միջոցառումների ժամանակ պարտվողներ չկան: Բոլորս ենք հաղթել՝ այս պրոցեսի բոլոր մասնակիցներս: Նման միջոցառումները հայրենասիրական ակցիա են, դրանք էլ նպաստում են մարզական, մարտական ոգու բարձրացմանը, առողջ ապրելակերպի պրոպագանդային: Հիշենք մեկընդմիշտ՝ Երկրապահի գործունեությունը հայ ազգի, Հայաստան պետության, հայկական Արցախ պետության զորեղացմանն է միտված: Աստված պահապան ամենքիս: ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ, ԶՈՐԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 324+
324+

Նմանատիպ նյութեր