211652_close_icon
views-count19026 դիտում article-date 22:34 07-07-2017

Արցախի ՊԲ-ն Ադրբեջանի տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է որակել

Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ հերքելով ադրբեջանական կողմի տարածած տեղեկություններն այն մասին, թե ադրբեջանցիները թիրախային հարվածներ են հասցրել՝ պատճառելով կենդանի ուժի և տեխնիկայի կորուստ: Արցախի ՊԲ-ի տարածած հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածված հաղորդագրությունը, թե իբր հերթական սադրանքն իրականացնելու համար արցախյան զինված ուժերը բերվել են մարտական պատրաստականության, ինչին ի պատասխան ադրբեջանական ուժերը թիրախային կրակային հարվածներ են հասցրել՝ շարքից հանելով մեծ քանակությամբ կենդանի ուժ, մի քանի միավոր ռազմական տեխնիկա և ռազմական նշանակության օբյեկտների ենթակառուցվածքներ, հերթական ապատեղեկատվություն է: Պարզապես ադրբեջանական կողմն, իր սովորության համաձայն ցանկալին ներկայացնում է իրականության փոխարեն: Առաջնագծում ստեղծված օպերատիվ իրադրության մասին մենք արդեն այսօր տեղեկացրել ենք: Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրն ու առաջնագծում ապահովել լիարժեք վերահսկողություն»: Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի ՊԲ-ն հայտնել էր, որ առավոտյան հակառակորդը շփման գծում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով ինչպես հրաձգային զինատեսակներ, այնպես էլ Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր: Հայկական կողմից վիրավորվել է 3 զինծառայող:

Նմանատիպ նյութեր