211652_close_icon
views-count10748 դիտում article-date 19:00 07-07-2017

Իրանում ՀՀ դեսպանն աշխատանքային այց է կատարել Իրանի Կենտրոնական նահանգ

Հուլիսի 4-ից 5-ը ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն աշխատանքային այց կատարեց Իրանի Կենտրոնական նահանգ: Հուլիսի 4-ին դեսպանն այցելեց նահանգի Զարանդիե գավառի Զավիե և Սավե քաղաքի Քավե և Ավե խոշոր արդյունաբերական ավանների մի շարք ձեռնարկություններ: Մասնավորապես, դեսպան Թումանյանը եղավ սննդի վերամշակման, փաթեթավորման, գյուղատնտեսական մթերքների արտադրության և մի շարք այլ ձեռնարկություններում: Այցի ընթացքում դեսպանին ուղեկցեցին գավառապետեր, քաղաքապետեր, նահանգային և համայնքային իշխանությունների ու գործարար շրջանակների ներկայացուցիչներ: Այցի շրջանակներում դեսպան Թումանյանը եղավ նաև Դելիջան քաղաքում, որը գտնվում է Կենտրոնական նահանգի համանուն գավառում: Տեղի ունեցան այցելություններ գավառի մի շարք արտադրական ձեռնարկություններ, այդ թվում՝ դեղերի, շինանյութերի, սննարդյունաբերության և արհեստական մանրաթելերի արտադրություններ: Դելիջան կատարած այցի հիմնական նպատակներից էր ՀՀ Տավուշի մարզի և ԻԻՀ Կենտրոնական նահանգի միջև միջմարզային, Հայաստանի Դիլիջան և Իրանի Դելիջան քաղաքների միջև միջհամայնքային համագործակցության զարգացման հարցերի քննարկումը: Դելիջան քաղաքում տեղի ունեցավ հատուկ խորհրդակցություն, որին մասնակցեցին Կենտրոնական նահանգի փոխնահանգապետ Զաֆար Աֆշունը, Դելիջանի գավառապետ Մոհամմադ Քորդին, Դելիջանի քաղաքապետ Մեհդի Էսմայիլին, նահանգային, քաղաքային իշխանությունների և հասարակայնության ներկայացուցիչներ, գործարարներ: Դեսպան Թումանյանի կողմից ներկայացվեցին ՀՀ տնտեսության առանձնահատկությունները, գործող առևտրային ռեժիմները, գործարար միջավայրի վիճակը, հայ և իրանցի տնտեսվարողների միջև համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները և այլն: Անդրադարձ եղավ նաև Հայաստան-Իրան հարաբերությունների ներկա վիճակին և սպասվող առաջիկա զարգացումներին: Համաձայնություն ձեռք բերվեց ընթացիկ ամսվա երկրորդ կեսին կազմակերպել այց Հայաստան (Տավուշի մարզ, Դիլիջան)՝ նահանգային և տեղական իշխանությունների ու գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ: Իրանական կողմի հավաստմամբ՝ պատվիրակությունը գլխավորելու է Կենտրոնական նահանգի փոխնահանգապետ Ազիզ Ֆեյլին: Զարանդիեում, Սավեում և Դելիջանում նահանգային «Աֆթաբ» հեռուստաալիքին տված հարցազրույցներում դեսպան Թումանյանը հանգամանորեն ներկայացրեց Իրանի Կենտրոնական նահանգ կատարած այցի նպատակներն ու առաջիկա ծրագրերը:

Նմանատիպ նյութեր